Մենք այս գործընթացի մասին հայտարարել էինք։ Ակնկալում ենք, որ համապատասխան մարմինները զուգահեռաբար կուսումնասիրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնավորեցման գործընթացն ու օրինականությունը, սակայն մենք դրանք միմյանց հետ չենք կապում, քանի որ մեկը մյուսին չի խանգարում և մեկը մյուսին չի բացառում։ Այս մասին ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Պլան Ա»-ն հետևյալն է․ ընկերությունը դառնում է պետական սեփականություն, և մենք այն հանձնում ենք որևէ առաջատար ընկերության կամ ընկերությունների խմբի կառավարմանը։ Մենք չենք նախատեսում նախաձեռնել ընկերության մասնավորեցումը, սակայն եթե պարզվի, որ չենք կարողանում իրագործել այս ծրագիրը, ապա կանցնենք քննարկումների։ Մենք խոստացել էինք, որ թալանվածը վերադարձնելու ենք ժողովրդին։
Ընդ որում՝ մենք ասում էինք, որ վենդետաներ չեն լինելու, բոլորը հնարավորություն են ունենալու հարմարվելու այն իրավիճակին, որում Հայաստանը հայտնվեց թավշյա հեղափոխությունից հետո։ Մենք բոլորին շանս տվեցինք, մեզ դրա համար քննադատում էին՝ ասելով․ «Ձեր թավշով ձանձրացրիք»։
Բոլոր տրամաբանական և անտրամաբանական ժամկետները սպառվել են, հետևաբար՝ դռներն ու պատուհանը փակվել են։ Մենք օրենսդրական փոփոխություններ կընդունենք, և ապօրինի ծագում ունեցող գույքի շրջանակում 25%-ը 75%-ի դիմաց սկզբունքով հաշտության գնալու հնարավորություն այլևս չի լինի․ այդ դուռն էլ ենք փակելու։ Մենք կենտրոնացել ենք ամեն ինչ մինչև վերջին լուման վերադարձնելու գործընթացի եզրափակիչ փուլն իրականացնելու վրա, մանավանդ որ դե յուրե բոլոր մեխանիզմները ստեղծված են»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ընթանում է ամեն ինչ մինչև վերջին լուման ժողովրդին վերադարձնելու գործընթացը։
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընկերության վատ աշխատանքն օգտագործվել է քաղաքական դժգոհություն գեներացնելու համար։











