ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հոկտեմբերի 15-ին Երևանում հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Սպասվում է, որ վաղը նա կմասնակցի հոկտեմբերի 19-30-ը նախատեսված COP17 վեհաժողովին ընդառաջ անցկացվող առաջնորդների գագաթնաժողովին։

Խորհրդաժողովի օրակարգային հիմնական հարցերն են կենսաբազմազանության պահպանումը, էկոհամակարգերի վերականգնումը, բնապահպանական ծրագրերին ֆինանսական միջոցների ուղղումը, ինչպես նաև Կունմինգ-Մոնրեալի համաշխարհային շրջանակային ծրագրի կենսագործումը։ Վերջինս նախատեսում է մինչև 2030 թվականը պահպանության տակ առնել ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30%-ը։

Ասուլիսի ընթացքում պաշտոնապես ներկայացվել է «Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված քայլերի ընթացքը» (State of Biodiversity Action) զեկույցը։ Սա առաջին համաշխարհային հաշվետվությունն է, որը գնահատում է պատմական Կունմինգ-Մոնրեալի ծրագրի իրագործման ընդհանուր առաջընթացը։

2022 թվականին ընդունված այս փաստաթղթով երկրները պարտավորվել են կանխել կենսաբազմազանության կորուստն ու վերականգնել այն, ինչի համար մինչև 2030 թվականը պետք է ապահովվի 23 թիրախային ցուցանիշ։ Միջանկյալ այս զեկույցում վերլուծվում են սահմանված նպատակների իրագործման ընթացքը, ի հայտ բերված բացթողումները և այն անհրաժեշտ քայլերը, որոնք կտրուկ կնպաստեն առաջընթացին։

Փաստաթուղթը կազմելիս հիմք են ընդունվել 129 ազգային զեկույցներ, 160-ից ավելի ազգային թիրախային ցուցանիշների փաթեթներ, կենսաբազմազանության պահպանման ավելի քան 80 թարմացված ռազմավարություններ ու գործողությունների ծրագրեր, ինչպես նաև այլ աղբյուրներ։ Զեկույցն ամփոփում է, թե տարբեր երկրներ ինչպես են համաշխարհային ծրագրի դրույթները վերածում գործնական ազգային քայլերի։

Զեկույցի եզրահանգումները հավաստի փաստական հիմք կծառայեն COP17-ի 196 մասնակից երկրների համար, որոնք առաջին անգամ համապարփակ գնահատման են ենթարկելու ծրագրի իրագործման ընթացքը։ Այս ակնարկի արդյունքներն ընկած կլինեն հետագա քայլերն ակտիվացնող որոշումների և նոր նախաձեռնությունների հիմքում (այդ թվում՝ առաջարկվող «Երևանյան ուղու» (Yerevan Pathway), որի շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում)։

Մամուլի ասուլիսի նպատակն է համաշխարհային այս ակնարկի արդյունքները կապել COP17-ի նպատակադրումների և այն անհրաժեշտ քայլերի հետ, որոնք կչեզոքացնեն կենսաբազմազանության կորստին հանգեցնող գործոնները։

COP17-ի մասնակիցները կքննարկեն, թե այս ամենն ինչ գործնական նշանակություն ունի կառավարությունների, բիզնեսի և հասարակության համար, ինչպես նաև կանդրադառնան ֆինանսավորման, կարողությունների զարգացման ու աջակցության այլ մեխանիզմներին, որոնք անհրաժեշտ են ստանձնած պարտավորությունները իրական գործերի վերածելու համար։

Հատկանշական է, որ Հայաստանը հրավիրել է տարբեր երկրների ղեկավարներին մասնակցելու հոկտեմբերի 16-ին՝ COP17-ի նախօրեին կայանալիք միօրյա գագաթնաժողովին։

Բարձր մակարդակի այս հանդիպումը մեկտեղելու է պետությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, մշակույթի անվանի գործիչների, բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև այլ առանցքային դերակատարների։ Միջոցառումը քաղաքական ուղենիշ կդառնա COP17-ի համար․ այն կսահմանի ռազմավարական ուղղվածությունը, կնպաստի նպատակասլացության բարձրացմանն ու համակարգված գլոբալ քայլերի մոբիլիզացմանը՝ հանուն Երկիր մոլորակի վրա կյանքի պահպանման։

COP17-ն անցկացվելու է Կարթագենի և Նագոյայի արձանագրությունների կողմերի խորհրդաժողովներին զուգահեռ։