Հայաստանի կառավարության համար կենսաբազմազանության պահպանման թեման առանձնահատուկ նշանակություն ունի։ Մենք գիտակցում ենք մեր առանձնահատուկ պատասխանատվությունը բնության առաջ. հենց բնությունն է մեզ փրկել մեր երկրի համար ամենածանր ժամանակներում։ Այս մասին COP17-ի շրջանակում «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում հոկտեմբերի 16-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցավոք, մեզ նաև վիճակվել է չարաշահել նրա ռեսուրսները։ 1990-ականների սկզբին, անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանը բախվեց էներգետիկ և սոցիալ-տնտեսական ճգնաժամի, որն առաջացել էր խորհրդային տնտեսական համակարգի փլուզման և զինված հակամարտության հետևանքով։

Երկիրը հայտնվել էր շրջափակման մեջ։ Առաջացել էր էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և ածխի սուր պակաս, ուստի մարդիկ հարկադրված էին իրենց տները հիմնականում տաքացնել վառելափայտով։ Երևանը կտրուկ փոխվել էր. բազմաբնակարան շենքերի պատուհաններից ամենուր դուրս էին ցցված հազարավոր վառարանների ծխատար խողովակներ։

Նման պայմաններում սկսվեց Հայաստանի անտառների զանգվածային ոչնչացումը։ Ծառահատումը վերածվեց «եկամտաբեր» բիզնեսի սակավաթիվ տեսակներից մեկի։ Ծառեր էին կտրում նույնիսկ Երևանի փողոցներում և այգիներում, և իշխանությունների համար չափազանց դժվար էր դրան դիմակայելը։

Արդյունքում՝ Հայաստանում ոչնչացվեցին հազարավոր հեկտար անտառներ և կանաչ տարածքներ։ Լայն տարածում ստացավ որսագողությունը, ինչը ծանր հարված հասցրեց մեր բնությանը և կենսաբազմազանությանը։ Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց նաև Սևանա լճում՝ Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ լճում։

1990-ականների սկզբին, երբ ներմուծման և արտադրության շղթաները գրեթե քայքայված էին, իսկ Հայաստանում բնակչությանը պարենով ապահովելու հարցում լուրջ դժվարություններ էին առաջացել, Սևանա լճի ձկնային պաշարները մի քանի տարի մեզ համար փրկություն դարձան։ Սևանից որսված ձուկը Հայաստանի բնակիչների հիմնական սննդամթերքն էր։

Սա, իր հերթին, լճի ձկնային ռեսուրսները հասցրեց սպառման եզրին։ Բացի սիգից, Սևանում բնակվում է նաև եզակի էնդեմիկ տեսակ՝ Սևանի իշխանը։

Մենք պարտավոր ենք խնամքով վերաբերվել մեր բնությանը։

Հայաստանի բնության և կենսաբազմազանության պաշտպանության ճանապարհին մենք ունեցել ենք թե՛ հաջողություններ, թե՛ անհաջողություններ։

2018 թվականին, երբ ես դարձա Հայաստանի վարչապետ, իմ առաջին կարգադրություններից մեկը եղավ անօրինական ծառահատումների արգելքը, որոնց ծավալներն այն ժամանակ բավական մեծ էին։ Այս որոշումը բուռն արձագանք առաջացրեց, հատկապես Տավուշի մարզում՝ իմ հայրենի եզերքում, որը նաև մեր երկրի ամենաանտառապատ շրջաններից մեկն է։

Այնուամենայնիվ, մենք սկզբունքայնություն ցուցաբերեցինք և վճռական պայքար մղեցինք անօրինական ծառահատումների դեմ։ Եվ մեկ-երկու տարի անց անօրինական ծառահատմամբ զբաղվողներից շատերը փոխեցին իրենց գործունեության ոլորտը։ Այն նույն տրանսպորտային միջոցները, որոնք դեռ մի քանի ամիս առաջ անտառից շուկաներ էին տեղափոխում կտրված փայտը, վերափոխվեցին զբոսաշրջիկներ տեղափոխելու համար։

Իրենց համար զարմանալիորեն նրանք հայտնաբերեցին, որ այդպես ավելի շատ են վաստակում, ընդ որում՝ շատ ավելի հեշտ։ Անկասկած, սա հաջողության պատմություն է։

Իհարկե, մարդկանց հոսքը նոր մարտահրավերներ է ծնում։ Սակայն հասարակության մեջ աճում է ածխածնային հետքի վերահսկման անհրաժեշտության գիտակցումը, և կառավարությունը քայլեր է ձեռնարկում այդ գործընթացին աջակցելու համար։ Մենք նաև լուրջ միջոցներ ենք կիրառել Սևանի ձկնային պաշարների պաշտպանության համար։

Կենսաբազմազանության պահպանման նպատակով ձեռնարկվել են լճում ձկնորսությունը կարգավորող միջոցներ, որոնց շնորհիվ Սևանի ձկնային պաշարները զգալիորեն աճել են։ Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ Սևանա լճում գործում է ջրային ոստիկանություն, որի խնդիրների մեջ, ի թիվս այլնի, մտնում է բնապահպանական մարմինների աջակցությունը։

Հասկանալի է, այս միջոցները որոշակի դժգոհություն են առաջացնում ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների շրջանում։ Միևնույն ժամանակ, քաղաքացիները հասկանում են, որ կառավարությունը դա անում է ոչ թե իր կամ իր մերձավորների համար։ Մենք դա անում ենք հենց ձկնորսների և նրանց ապագա սերունդների համար, որպեսզի նրանք ունենան եկամտի կայուն և երկարաժամկետ աղբյուր։

Արդյունքներն ակնհայտ են։ Վերջին 10 տարիների ընթացքում Սևանա լճում սիգի ընդհանուր կենսազանգվածը զգալիորեն աճել է։ Լճում ձկան պաշարներն ավելացել են ավելի քան տասն անգամ. եթե 2010-ականների կեսերին վիճակը ճգնաժամային էր՝ խոսքն ընդամենը մի քանի հարյուր տոննայի մասին էր, ինչը փաստացի տեսակը հասցնում էր անհետացման եզրին, ապա 2026 թվականի հուլիսի դրությամբ այդ ցուցանիշը գերազանցել է 4 500 տոննան։

Կառավարությունը նաև իրականացնում է Սևանի իշխանի պոպուլյացիայի վերականգնման և Սևանա լճում ձկնաբուծության զարգացման ծրագիր։ Մինչև 2025 թվականը լճում Սևանի իշխանի պաշարները չնչին էին՝ 20 տոննայից պակաս։ 2025 թվականին դրանք արդեն գնահատվում էին մոտ 138 տոննա, իսկ 2026 թվականի հուլիսի դրությամբ հասել են 374 տոննայի։

Իշխանը կրկին սկսել է հայտնվել տեղացի ձկնորսների ցանցերում։ Հայաստանի լեռնային գետերում նույնպես հաջողությամբ իրականացվում է գետի իշխանի պոպուլյացիայի վերականգնման և զարգացման ծրագիր։

Հաջողության ևս մեկ պատմություն կապված է առաջավորասիական ընձառյուծի հետ, որը Հայաստանում համարվում էր վերացած տեսակ։ Այսօր, ըստ գնահատականների, երկրում ապրում է վեցից յոթ առանձնյակ, իսկ 2024 թվականին նկատվել են երկու ձագեր։

Ընձառյուծի ներկայությունը լիարժեք էկոհամակարգի կարևոր ցուցիչ է, իսկ ձագի ծնունդը վկայում է դրա կայունության մասին։ Մեր մյուս ձեռքբերումներից է կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաներդրման ծրագիրը՝ տեսակ, որը նույնպես Հայաստանում համարվում էր վերացած։

2022-ից 2025 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ վայրի բնություն է բաց թողնվել 22 առանձնյակ։ Բնական միջավայրում արդեն ծնվել է ութ ձագ։

Չնայած այս հաջողություններին՝ Հայաստանում, ցավոք, շարունակում են գոյություն ունենալ անօրինական ծառահատումները, որսագողությունը և բնական ռեսուրսների ապօրինի օգտագործումը։ Բացի այդ, այս խնդիրների լուծման համար երկու տարի առաջ մենք սկսել ենք էկոպարեկային ծառայության՝ բնապահպանական ոստիկանության ստեղծումը։ Ներկայում այն գործում է մեր տասը մարզերից չորսում, և մենք կշարունակենք փուլ առ փուլ ներդնել այս ծառայությունը մնացած շրջաններում։

Այս ծառայության խնդիրների մեջ մտնում է բնության շուրջօրյա պահպանությունը։ Մենք մտադիր ենք այն զարգացնել թե՛ տեխնիկական և բովանդակային առումով, թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի և բարեխղճության մասով։ Մեր անտառներն ունեն վերականգնման շատ բարձր ներուժ։

Զուգահեռաբար մենք իրականացնում ենք անտառների վերականգնման ծրագրեր։ Մենք նաև պետք է հասկանանք, որ առանց անտառների պաշտպանության և մարդկանց մեջ բնապահպանական գիտակցության ձևավորման նշանակալի արդյունքների հասնելը չափազանց դժվար կլինի։

Լեռնարդյունաբերությունը ժամանակակից բնապահպանական չափանիշներին համապատասխանեցնելը նույնպես լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ, թեկուզ ոչ հեշտ քայլերով։

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ինչպես նաև ջրախնայող համակարգերի և տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը կառավարության առաջնահերթություններից են։ Սակայն ակնհայտ է, որ պակաս կարևոր չէ մեր հասարակության մեջ ջրի հանդեպ խնայողական վերաբերմունքի մշակույթի ձևավորումը։ Նույնը վերաբերում է նաև կոշտ թափոնների կառավարման ոլորտին, որտեղ, ցավոք, մեր հաջողությունները դեռևս չի կարելի հեղափոխական անվանել։

Մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ փոփոխությունները՝ հատկապես մարդկանց գիտակցության մեջ, տեղի են ունենում շատ դանդաղ, և այստեղ անհրաժեշտ է հետևողականություն։

Մենք հաստատակամորեն մտադիր ենք գնալ հենց այս ճանապարհով։

Միջազգային հանրությունն արդեն ձևակերպել է բնության հետ ներդաշնակ կյանք վարելու հայեցակարգը և 2022 թվականին ընդունել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը՝ սահմանելով նպատակներ և կոնկրետ խնդիրներ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար։ Մենք գտնվում ենք դրանց իրագործման ճանապարհի կեսին և պետք է ազնվորեն ընդունենք. հավաքական առումով մենք դեռ չենք շարժվում անհրաժեշտ տեմպով։ Այսօր մեր խնդիրն է ոչ թե նոր խոստումներ տալը, այլ արդեն ստանձնած պարտավորությունները վերածելը իրական գործերի։ COP17-ը հիանալի հնարավորություն է՝ ընդունելու որոշումներ, որոնք կփոխեն իրավիճակը դեպի լավը»,- նշել է Փաշինյանը։