Հայաստանում հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու ճանապարհին բյուրոկրատիան շատ է։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Ծաղկաձորում ընթացող Mining Armenia Forum 2026 համաժողովի ժամանակ հայտարարել է կանադական «Hayasa Metals» հանքարդյունաբերական ընկերության նախագահ Դենիս Մուրը։
Նա կոչ է արել Հայաստանին բարեփոխել ոլորտը՝ հաշվի առնելով, որ երկիրը պայքարում է դեպի հանքարդյունաբերություն ուղղվող յուրաքանչյուր դոլարի համար։
Մուրի դիտարկմամբ՝ կան ուղղություններ, որոնք պահանջում են ոչ միայն բարեփոխումներ, այլև պետության ուշադրությունը, ներդրումներ և ժամանակ։
«Միևնույն ժամանակ լինում են դեպքեր, երբ տեղական համայնքները չափազանց խստություն են դրսևորում՝ հանքարդյունաբերական գործունեության թույլտվություններ չտրամադրելու հարցում»,— նշել է Մուրը։ Նա պատմել է, որ եղել է դեպք, երբ իրենց ընկերությունը ստիպված է եղել երկու տարի սպասել լիցենզիա ստանալու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ երկրաբանական հետախուզման և հանքերի շահագործման պահանջները բավականին որակյալ են ու խիստ։ Մուրը նպատակահարմար է համարել լիցենզիա տրամադրել 5 տարի ժամկետով՝ այն ևս 4 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Նա մատնանշել է նաև Հայաստանում պարտադիր բանկային հաշիվ ունենալու պահանջը, ինչը, նրա խոսքով, նույնպես լրացուցիչ բարդություններ է ստեղծում։ Ընկերության ղեկավարը շեշտել է գործարքները հեռավար կարգով իրականացնելու հնարավորության կարևորությունը։ «Այդուհանդերձ, զարգացման հեռանկարների առումով Հայաստանում բազմաթիվ դրական միտումներ կան»,— եզրափակել է նա։
Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Lydian Armenia» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։











