Հայաստանի հանքարդյունաբերության ապագան շատ պայծառ է։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Mining Armenia Forum 2026 համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Beacon Events» ընկերության հանքարդյունաբերական ուղղության տնօրեն, ոլորտի առաջնորդների մի շարք առաջատար միջազգային համաժողովների ղեկավար Էնդրյու Թեյքը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը հետզհետե կավելանա, ընդ որում՝ դրանք կլինեն կայունության սկզբունքներով գործող արտադրություններ, որոնք շոշափելի օգուտ կբերեն տեղական համայնքներին։

Նա արտասահմանյան շահագրգիռ կողմերին կոչ է արել ավելի ուշադիր դիտարկել Հայաստանը։

«Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի օրերին, վկայում է հանքարդյունաբերությունը զարգացնելու հայ ժողովրդի անկեղծ ձգտման մասին։ Ներկայումս հանքարդյունաբերության ոլորտին բաժին է ընկնում Հայաստանի ՀՆԱ-ի 5%-ը։ Կա հստակ ծրագիր, որը թույլ կտա այդ ցուցանիշը հասցնել 10%-ի։ Իմ կարծիքով՝ սա կարևոր արձանագրում է և հիանալի հնարավորություն երկրի համար»,— հավելել է Թեյքը։

Նա նշել է, որ Հայաստանն իրենց համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում որպես հանքարդյունաբերության զարգացման հարթակ, ինչպես նաև չափազանց գրավիչ է երկրում գործող նորմատիվ-իրավական դաշտը։

«Կայուն զարգացման համատեքստում ամեն ինչ հանգում է վստահությանը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե հանքարդյունաբերական ծրագրերին հաջողվում է շահել տեղի բնակչության ու համայնքների վստահությունը, ապա այդ նախագծերը հաջողությամբ են իրականացվում։ Եթե Հայաստանն ընթանա այս ուղով, նրան հաջողություն է սպասվում»,— շեշտել է Էնդրյու Թեյքը։

Նա ընդգծել է նաև, որ Հայաստանի կառավարությունն ու հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներն ակտիվորեն ներդնում են կայուն զարգացման ամենախիստ չափանիշները։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Lydian Armenia» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։