Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել ստանձնած պարտավորություններից անցնել կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ կոնկրետ գործողությունների։ Այս մասին նա հայտարարել է Երևանում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) բացման արարողության ժամանակ։

«Թող Երևանը դառնա նոր քաղաքական վճռականության հանգրվան։ Թող սա լինի այն պահը, երբ մենք խոսքերից անցնենք գործի, իսկ պառակտվածությունից՝ համագործակցության», — ասել է Փաշինյանը՝ դիմելով համաժողովի մասնակիցներին։

Ըստ նրա, կենսաբազմազանության պահպանումը ոչ միայն բնական հարստությունների պաշտպանություն է, այլև մարդկանց առողջության, պարենային և ջրային անվտանգության, կայուն զարգացման ու ապագա սերունդների բարեկեցության հիմք։ Վարչապետը շեշտել է, որ բնության վիճակն անմիջականորեն ազդում է մարդկանց կյանքի վրա, իսկ էկոհամակարգերի քայքայումը խորացնում է հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները։

Փաշինյանը նշել է, որ մարդկությունը սերունդների ընթացքում կառուցել է քաղաքներ և զարգացրել տնտեսությունը՝ ելնելով բնությունը որպես անսպառ ռեսուրս ընկալելու պատկերացումից։ Սակայն ջրհեղեղները, անտառային հրդեհները, էկոհամակարգերի ոչնչացումն ու տեսակների անհետացումը հիշեցնում են, որ մարդկանց բարեկեցությունն անբաժանելի է շրջակա միջավայրի առողջությունից։

Վարչապետը նշել է, որ Հայաստանը COP17-ում նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը, արագացնելու արդեն ընդունված պարտավորությունների իրականացումը և հասնելու շոշափելի արդյունքների։ Նա շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին, պետական կառույցներին, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը և բոլոր մասնակիցներին՝ համագործակցության համար։

Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին ընդունվել է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային փաստաթուղթը, որը սահմանել է մինչև 2030 թվականը ընդհանուր նպատակներն ու ուղենիշները։ Սահմանված ժամկետի ավարտին մնացել է չորս տարի, և հաջողությունը կախված է նրանից, թե որքան հետևողականորեն միջազգային հանրությունը կկարողանա պարտավորությունները վերածել կոնկրետ գործողությունների, իսկ գործողությունները՝ չափելի արդյունքների։

Նա նաև ընդգծել է բնապահպանական գործունեությանը կառավարությունների, քաղաքների, տեղական և բնիկ ժողովուրդների, կանանց, երիտասարդության, գիտական համայնքի, բիզնեսի և քաղաքացիական հասարակության լայն մասնակցության անհրաժեշտությունը։ Նրա կարծիքով, այս խմբերը պետք է լինեն ոչ թե պարզապես գործընթացի մասնակիցներ, այլ լիարժեք գործընկերներ և փոփոխությունների նախաձեռնողներ։

«Արդեն ժամանակ չկա սպասելու», — հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը լիարժեք ներդրում ունենալու ընդհանուր ջանքերում և բոլոր գործընկերների հետ աշխատանքում՝ հանուն կենսաբազմազանության պահպանման և վերականգնման։