Աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք բարդացնում են բիզնես վարելու սովորական պայմանները, կարող են լուրջ առողջարար ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա՝ ձեռնարկատերերին հարկադրելով հրաժարվել ձևավորված կախվածություններից և անցնել ավելի բարձր ավելացված արժեքի ստեղծմանը։ Այս կարծիքը «Ուժի գործոն» ծրագրի եթերում հայտնել է տնտեսագետ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը՝ բացատրելով, թե ինչու ռուսական խոշոր շուկայի հասանելիությունն ու համեմատաբար էժան գազը երկար տարիներ ազդել են հայկական արտադրանքի ինքնարժեքի կառուցվածքի վրա և զսպել դրա մրցունակության բարձրացումը։
«Ես կարծում եմ, որ նման սառը ցնցուղը, որի տակ մենք այսօր հայտնվել ենք և որը գոյություն ունի աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով, լուրջ առողջարար ազդեցություն է ունենում տնտեսության վրա»,- հայտարարել է Ջրբաշյանը։ Ըստ նրա՝ ինքնարժեքի կառուցվածքը խեղաթյուրող ցանկացած գործոն անխուսափելիորեն փոխում է բիզնեսի վարքագիծը և ձևավորում համապատասխան բիզնես մոդելներ։ Հայաստանում երկար տարիներ գործել է նման երկու գործոն՝ ռուսական շուկայի հեշտ հասանելիությունը և գազի համեմատաբար ցածր գինը։
Երկու հանգամանքն էլ ձեռնարկություններին հնարավորություն էին տալիս պահպանելու ընդունելի շահութաբերություն՝ առանց արտադրողականության, արդյունավետության և ավելացված արժեքի բարձրացման մեջ բավարար ներդրումների։ Ինչպես նշեց տնտեսագետը, ձեռնարկատերերը միանգամայն ռացիոնալ են գործել՝ գոյություն ունեցող պայմաններում շահույթի առավելագույնացման տեսանկյունից։ Սակայն նման մոդելը աստիճանաբար նվազեցնում էր արտադրության արդիականացման և ավելի բարդ, մրցունակ արտահանվող ապրանքների զարգացման խթանները։
Որպես օրինակ՝ Ջրբաշյանը բերեց ծիրանի վերամշակումը։ Եթե 15–20 տարի առաջ Հայաստանը կարող էր արտահանել ծիրանի հյութ, ջեմ կամ խտանյութ, ապա վերջին տարիներին արտաքին շուկաներում նման արտադրանքով մրցակցելն ավելի դժվար է դարձել։ Նրա պարզաբանմամբ՝ պատճառը արտադրողականության և արդյունավետության մեջ անբավարար ներդրումներն են․ նույն ծավալի հումքի վերամշակման դեպքում հայկական արտադրողները չեն կարողացել ապահովել պատրաստի արտադրանքի մրցունակության անհրաժեշտ մակարդակը։ Տնտեսագետը նաև ուշադրություն հրավիրեց հայկական արտահանման տնտեսական բարդության նվազման վրա։ Նա նշել է, որ եթե մոտ 10–15 տարվա ընթացքում վերլուծենք Հարվարդի համալսարանի համապատասխան ինդեքսը, կարելի է տեսնել երկրի արտահանման կառուցվածքի բարդության էական նվազում։
Ջրբաշյանը պատմել է, որ արտահանման դիվերսիֆիկացման ռազմավարություններից մեկի մշակման ժամանակ իր թիմը Հայաստանը համեմատել է այլ համադրելի պետությունների հետ։ Արդյունքը ցույց է տվել նմանություն այն երկրների տնտեսությունների հետ, որտեղ նավթի հայտնաբերումը հանգեցնում է արտահանման բարդության նվազման․ հումքային հատվածը սկսում է զբաղեցնել զգալի տեղ, իսկ ավելի բազմազան և տեխնոլոգիապես բարդ արտադրության զարգացման խթանները թուլանում են։ «Ստացվում է, որ մեզ մոտ տեղի է ունեցել նավթի հայտնաբերմանը նման մի բան։ Այս գործոնի ազդեցությունն ամբողջ ժամանակահատվածում հանգեցրել է արտահանման բարդության նվազմանը»,- պարզաբանել է նա։
Տնտեսագետի կարծիքով՝ արտահանման կառուցվածքի բարդության նվազումն ինքնին կարող է խնդիր չթվալ, եթե իրավիճակը գնահատվի բացառապես ընթացիկ եկամուտների տեսանկյունից։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում նման մոդելը չի նպաստում տնտեսության մրցունակության բարձրացմանը, քանի որ սահմանափակում է ավելացված արժեքի ստեղծումն ու արտադրության զարգացման մեջ ներդրումները։ Եվս մեկ ցուցադրական օրինակ է ծաղիկների արտահանումը։ Ինչպես պատմել է Ջրբաշյանը, հայ ձեռնարկատերերը պատրաստ էին ծաղիկներ ուղարկել Ռուսաստան սառնարանային բեռնատարներով՝ գործնականում առանց բրենդինգի և փաթեթավորման ներդրումների, ինչպես նաև առանց այն մեխանիզմների կիրառման, որոնք ենթադրում են բրենդից լրացուցիչ եկամուտներ։
Ընդ որում, համաշխարհային շուկայում ծաղիկները շատ ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանք են, երբ արտադրողը ներդրում է անում փաթեթավորման, բրենդինգի և արտադրանքի դիրքավորման մեջ։ Քաշի համեմատ բարձր արժեքի շնորհիվ նման ապրանքը կարող է տեղափոխվել նույնիսկ ինքնաթիռներով․ տրանսպորտային ծախսերը ներառվում են վերջնական գնի մեջ և փոխհատուցվում ստեղծված ավելացված արժեքով։
«Մեզ մոտ ծաղիկները վերածվել են բորսային ապրանքի՝ կոմոդիթիի, մինչդեռ աշխարհում սա շատ ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանք է»,- նշել է Ջրբաշյանը։ Ըստ նրա՝ ռուսական շուկայի հասանելիությունը հայ արտահանողներին հնարավորություն էր տալիս մնալու համեմատաբար ցածր ավելացված արժեքի հատվածում։ Արդյունքում ձեռնարկությունները բավարար մոտիվացիա չունեին ներդրումներ անելու արտադրանքի որակի բարձրացման, բրենդների զարգացման և առաքման ավելի արդյունավետ եղանակների մեջ։ Սակայն, տնտեսագետի համոզմամբ, նման մոդելը չէր ապահովում մրցունակության երկարաժամկետ բարձրացում։
Ինքնարժեքի կառուցվածքը խեղաթյուրող երկրորդ գործոն Ջրբաշյանն անվանել է էժան գազը։ Նրա գնահատմամբ՝ հայկական տնտեսությունն ու էներգետիկ համակարգն ընդհանուր առմամբ վարժվել էին աշխատել գազի համեմատաբար ցածր գների պայմաններում, ինչը ձևավորել էր կախվածություն այդ ռեսուրսից։ Այդ կախվածությունն արտացոլվում էր արտադրանքի վերջնական արժեքում և ազդում բիզնեսի՝ տեխնոլոգիաներում ներդրումների վերաբերյալ որոշումների վրա։ Մասնավորապես, դա դրսևորվում էր ջերմոցային տնտեսությունում։ Համեմատաբար էժան էներգիայի պայմաններում ձեռնարկատերերն ավելի քիչ էին շահագրգռված արտադրական գործընթացների արդիականացմամբ և այնպիսի տեխնոլոգիաների ներդրմամբ, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնել ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։
Ընդ որւմ, ընդգծել է Ջրբաշյանը, Հայաստանը ստեղծել է ժամանակակից ջերմոցային ենթակառուցվածք, դրանց թվում՝ հոլանդական և ֆրանսիական տեխնոլոգիաների ու ավտոմատացված կառավարման համակարգերի կիրառմամբ։ Մի շարք ջերմոցներում տեղադրված են հոլանդական Priva ընկերության լուծումները, որոնք հնարավորություն են ընձեռում կարգավորել ոռոգումը և կառավարել կլիմայական պարամետրերը՝ հաշվի առնելով ջերմաստիճանը, քամին, խոնավությունը և այլ պայմաններ։
Սակայն ժամանակակից սարքավորումների առկայությունը միշտ չէ, որ նշանակում էր դրանց լիարժեք օգտագործում։ Տնտեսագետը նշում է, որ որոշ դեպքերում ձեռնարկատերերը նախընտրում էին չմիջամտել ավտոմատացված համակարգերի աշխատանքին՝ վախենալով վնասել սարքավորումները, և շարունակում էին շահագործել ջերմոցները նախնական կարգաբերման ժամանակ տրված ռեժիմով։ Մինչդեռ նման տեխնոլոգիաները նախատեսված են արտադրության մշտական կառավարման և ընթացիկ պայմաններից կախված գործընթացների օպերատիվ ճշգրտման համար։ «Այդ կախվածությունների հետևանքով մեզանում բավականին դեֆորմացված բիզնես մոդել է ձևավորվել»,- նշել է Ջրբաշյանը։
Նա միաժամանակ մատնանշել է հայկական ձեռնարկատիրությանը բնորոշ մի առանձնահատկություն՝ կապիտալ օբյեկտներում զգալի միջոցներ ներդնելու պատրաստակամությունը միշտ չէ, որ ուղեկցվում է արդյունավետության և ֆինանսական վերադարձի համապատասխան մակարդակով։ Որպես օրինակ տնտեսագետը բերել է ռեստորանային բիզնեսը, որտեղ կարելի է հանդիպել թանկարժեք ինտերիերներով և բարձր մակարդակի հագեցվածությամբ շքեղ հաստատությունների, սակայն համեմատաբար ոչ բարձր միջին կտրոնով (միջին կտրոնը՝ Average Ticket կամ Average Order Value-AOV՝ բիզնեսի արդյունավետության կարևորագույն ֆինանսական ցուցանիշներից է, որը ցույց է տալիս, թե մեկ գնորդը միջինում որքան գումար է ծախսում մեկ այցելության կամ մեկ պատվերի ընթացքում- խմբ.)։
Արտասահմանյան փորձագետների համար նման համադրությունը հաճախ հարց է առաջացնում, թե ինչպես է այդպիսի բիզնես մոդելը ապահովում իր տնտեսական կայունությունը։ Ավելի լայն իմաստով, Ջրբաշյանի կարծիքով, խնդիրը ոչ թե բուն ներդրումներում կամ արտաքին շուկաների հասանելիության մեջ է, այլ այն, որ երկար ժամանակահատվածում բարենպաստ պայմանները նվազեցրել էին արտադրողականությունը բարձրացնելու և բիզնես գործընթացները կատարելագործելու անհրաժեշտությունը։
Հենց այդ պատճառով էլ ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունները, որոնք խախտում են սովորական տնտեսական կապերն ու բիզնես վարելու պայմանները, նա առաջարկում է դիտարկել ոչ միայն որպես ռիսկերի աղբյուր, այլ նաև որպես ձևավորված մոտեցումները վերանայելու հնարավորություն։ Երբ նախկին առավելություններն այլևս ամբողջությամբ չեն գործում, ձեռնարկությունները ստիպված են լինում մրցունակությունը պահպանելու նոր եղանակներ փնտրել։ «Մենք սկսում ենք հասկանալ, որ չպետք է մրցակցենք այս կախվածությունների հաշվին։ Պետք է կարողանանք մրցակցել մեր՝ ավելացված արժեք ստեղծելու հնարավորությունների շնորհիվ, այլ ոչ թե այն պատճառով, որ կարող ենք ապրանքը էժան հասցնել Ռուսաստան ու բեռնաթափել Ռոստովում, կամ որովհետև մեզ մոտ գազը էժան է և, հետևաբար, ինքնարժեքը ցածր է»,- ընդգծել է Ջրբաշյանը։
Տնտեսագետը կարծում է, որ արտաքին պայմանների փոփոխությունը կարող է հայկական բիզնեսին կառուցվածքային վերափոխման մղել։ Խոսքը վերաբերում է այն մոդելից անցմանը, որը հիմնված է առանձին շուկաների հասանելիության և համեմատաբար էժան ռեսուրսների վրա, դեպի մի մոդել, որտեղ մրցակցային առավելությունները ձևավորվում են արտադրողականության, տեխնոլոգիական զարգացման, արդյունավետության, բրենդինգի և ավելացված արժեքի մեծացման հաշվին։ Ջրբաշյանի գնահատմամբ՝ հենց նման վերակառուցումն է ի վիճակի երկարաժամկետ հեռանկարում ապահովել հայկական տնտեսության ավելի կայուն մրցունակությունը։











