COP17-ի շրջանակներում անցկացվում են ամենատարբեր միջոցառումներ և քննարկումներ, և ես շատ ուրախ եմ, որ այստեղ կապույտ գոտում մենք ունենք հնարավորություն ներկայացնելու Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջողված փորձը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19–ին, COP17–ի շրջանակներում, լրագրողնեփրի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով, այն, որ սա հաջողված փորձ է, տեսանելի է աշխարհում, և Հայաստանին դիմում են նաև այս ծրագրի փորձառությունը ներկայացնելու, և մյուս երկրներին աջակցելու նպատակով. «Դպրոցական սնունդ» ծրագիրը բոլորովին պատահական չի, որ ընդգրկված է COP17-ի թեմատիկ քննարկման շրջանակներում, որովհետև մենք խոսում ենք առաջին հերթին ոչ միայն սնվելու և առողջ սննդի մասին, այլև դրա միջոցով հանրային վարքականոնի ձևավորման մասին և հատկապես այնպիսի վարքականոնի, որը հաշվի է առնում կենսաբազմազանության անհրաժեշտությունը, կլիմայի փոփոխությունները, նաև մարդու սպառողական վարքագիծը համապատասխանաբար վերանայում է։
Այդ իմաստով ես շատ կարևորում եմ, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրը մեզ համար նաև կրթական ծրագրի մաս է։ Գիտեք, որ առողջ ապրելակերպ դասընթացը ներդրվել է դպրոցներում և հանդիսանում է պարտադիր դասընթաց, որի մի կարևոր բաղադրիչ վերաբերում է հենց առողջ սննդին և հենց այսպիսի թեմաների շուրջ քննարկումներին։
Ծրագրի շրջանակում մենք նաև դպրոցներում ջերմատների, ինտենսիվ այգիների կառուցման փորձառություն ունենք, որոնք օգնում են մի կողմից սովորեցնել շատ կարևոր գիտելիք, մյուս կողմից դարձնել այս ամբողջը շղթայի մաս և դպրոցներում սննդի տրամադրումը նաև ինչ-որ առումով ինքնաբավ շղթայի մեջ ներառել։ Ես կարծում եմ, որ բոլոր իմաստներով մեր փորձը շատ հաջողված է և այսօրվա քննարկումն էլ հնարավորություն կտա դա ևս մեկ անգամ ներկայացնել»,–ասաց նախարարը;
Նա ընդգծեց, որ այս ծրագրի շրջանակներում իրենց ամենակարևոր անելիքը համարում է Երևանում ծրագրի ընդլայնումը. «Պետության միջոցներով մեր բոլոր մարզերի 1-4–րդ դասարանցիները ստանում են առողջ սնունդ «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում, մենք խոսում ենք ավելի քան 100 000 երեխաների մասին, բայց ծրագիրը պետք է ընդգրկի Երևանը։ Այս տարի սեպտեմբերից մենք սկսել ենք փորձարկումը Երևանում և այս պահին կողմնորոշվում ենք, թե որ մոդելը ավելի հարմար կլինի Երևանում օգտագործման համար՝ հաշվի առնելով առանձնահատկությունները»,–ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով, այժմ մտածում են նաև «Առողջ սնունդ» ծրագիրը ընդլայնել՝ ընդգրկելով նաև այլ դասարանները. «Առողջ սնվելու անհրաժեշտությունը պահպանվում է նաև 4-րդ դասարանից հետո, և ես կարծում եմ, որ դա պետք է ընդգրկի մեր բոլոր դասարանները։
Այսօրվա պանելային քննարկումը կլինի հենց այս թեմաների շուրջ, և մենք կունենանք ներկայություն ոչ միայն Հայաստանից, այլ նաև տարբեր երկրների գերատեսչություններից, որոնք էլ կխոսեն իրենց խնդիրների և իրենց փորձի մասին»։
Ժաննա Անդրեասյանը կարևոր համարեց նաև այն, որ դասեր անցկացվեն նաև դպրոցից դուրս. «Մենք շատ կարևորում ենք, որ արշավները, ճամբարները, բացօթյա տարածքներում դասերի իրականացումը լինեն մեր դպրոցների առօրյան։ Նորակառույց դպրոցների դեպքում, բոլոր այն տեղերում, որտեղ տարածքը հնարավորություն է տալիս, մենք փորձում ենք ստանալ նաև բացօթյա տարածքներ, փոքրիկ այգիներ, տաղավարներ, որտեղ երեխաները կարող են դասեր անել։ Բացի դրանից մենք շատ կարևորում ենք, որ մեր դպրոցականները իրենց համայնքում գտնվող տարբեր հուշարձաններ այցելեն, խնամք տանեն դրանց նկատմամբ, և այսպիսով նաև պատմամշակութային հուշարձանների, բնության հետ իրենց առնչությունը դարձնեն իրենց ամենօրյա կյանքի մի մաս։ Սա նաև օգնում է շատ կարևոր հմտություններ ձևավորել՝ տեղանքում կողմնորոշվել, ամենատարբեր նշանների միջոցով ամենապարզ գիտելիքը ստանալ։ Սա անփոխարինելի հմտություն է, անկախ տեխնոլոգիական զարգացումներից, ես սա համարում եմ բազային հմտություններ, որ մեր յուրաքանչյուր երեխա պիտի ունենա»,– ընդգծեց նա։











