ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկ անգամ ևս խոսելով ՏԻՄ ընտրություններում ճնշումների ահազանգերի մասին։
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ երեկոյան ես գրառում էի արել, որտեղ կոչ էի արել, որ այն բոլոր քաղաքացիները, ՏԻՄ ընտրություններին մասնակցող բոլոր այն թեկնածուները կամ ընտրողները, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ։ Հրապարակային պարտավորվում եմ ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի։
Քանի որ համացանցում գրառումներ և ահազանգեր կան ընդհանրապես, ես կարևոր համարեցի, որ արձագանքեմ այդ ամենին։
Այսօր առավոտյան վեր եմ կացել և ստուգել եմ իմ էլեկտրոնային փոստը, ստացել եմ բազմաթիվ նամակներ, բայց բոլորովին ուրիշ թեմաներով։ Թեմայի առնչությամբ երեք նամակ եմ ստացել, մեկը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը իր գրավոր, իր հրապարակային ելույթի լինքն է ուղարկել, որտեղ ինչ-որ ահազանգերի մասին է ասում, որ մարդկանց քաղաքական դրդապատճառներով ազատել են աշխատանքից։
Այդ մասով հանձնարարել եմ, որ տեսչական մարմինը շտապ կարգով ստուգի և կարծիք տա։
Հաջորդը մի տեսանյութ էր, որտեղ մի երեխա քարոզչական ելույթ էր ունենում, չէր կարդում, անգիր արած չէր, երեխան ինչ-որ բաներ էր ասում։ Հիմա չեմ ուզում մեկնաբանել, այդ նյութն ուղարկել եմ հակակոռուպցիոն կոմիտե և մի նամակ, որտեղ հեղինակը որպես աջակից ասում էր, որ աջակցում է իմ վարած քաղաքականությանը, բայց կարծում է, որ համայնքի ղեկավարի վատ թեկնածու ենք առաջադրել։
Հիմա այս պահի դրությամբ այս երեք նամակն եմ ստացել։ Ես սա չեմ ասում, որ այս երեք նամակները նշանակում են, որ ամեն ինչ իդեալական է, ամեն ինչ կարգին է, ես ուրիշ բան եմ ասում. բոլոր այն քաղաքացիներին, որոնք, ենթադրենք նման իրավիճակներում հայտնվել են, ես այդ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու քաղաքական հանձնառություն, իհարկե, ունեմ, միանշանակ, բայց եթե ես չգիտեմ այդ փաստի մասին, կամ եթե քաղաքացիները արձագանքելու և խոսելու հրավերին չեն արձագանքում, ո՞րը պետք է լինի իմ գործողությունը։
Այս հարցս հռետորական չէ, ես ուզում եմ իսկապես մենք գործելակարգ որդեգրենք, թե ինչ ենք անելու նման դեպքերում։ Ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները մեզ համար կարևոր են միանշանակ և աներկբա։ Երբ ես խոսել եմ Հայաստանի՝ Եվրոպական Միությանը անդամագրվելու գործընթաց սկսելու, օրենքը ընդունելու դրդապատճառների մասին, ես այլոց թվում ասել եմ նաև, որ նման տեսլականը մեզ համար կարևոր է ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու, լրացուցիչ խթան ունենալու և ժողովրդավարությունից հետքայլ և նահանջ թույլ չտվող մեխանիզմներ ձևավորելու առումով։ Ես և մենք հանձնառու ենք ժողովրդավարական բարեփոխումները և երկրում ժողովրդավարությունը խորացնելու ուղղությամբ։
Մարտահրավերն այն է, որ կարողանանք ի վիճակի լինենք թույլ չտալ, որ ժողովրդավարությունը օգտագործելով Հայաստանում հաստատվի հակաժողովրդավարություն, բայց այդ մարտահրավերը վերաբերվում է նաև կառավարությանը, ոչ միայն այն ուժերին, որոնք ենթադրաբար նման քաղաքական ծրագիր ունեն։
Ինձ համար պրոբլեմ է, երբ որևէ մեկը կարա ասի, որ Հայաստանում վախի մթնոլորտ է հաստատված։ Նրանք, ովքեր վախենում են, թող չվախենան, բայց մյուս կողմից այն քաղաքացիները, որոնք ինչ-որ պատճառով վախի մեջ են, քաղաքացիները պետք է նաև իրենց իրավունքների համար պաշտպանելու, պայքարելու հետևողականություն ունենան, և մենք այդ քաղաքացիների իրավունքը պաշտպանել ենք, պաշտպանում ենք և կպաշտպանենք։
Կարող է որևէ տեղում որևէ գյուղապետ, կամ վարչական ղեկավար, կամ համայնքի ղեկավար, կամ պաշտոնյա, կամ չգիտեմ, ոստիկանության աշխատակից ինչ-որ քաղաքացու վրա կոնկրետ ճնշում է գործադրում։ Ես չեմ կարող այդ ամեն ինչի մասին իմանալ։ Ես ասում եմ՝ բոլոր դեպքերում, երբ ես դրա մասին կիմանամ և կհիմնավորվի, ես հրապարակային և պաշտոնապես պարտավորվում եմ, որ տվյալ պաշտոնյան կպատժվի և դրա մասին կիմանան բոլորը։
Հիմա ես հասկանում եմ նաև, որ իմ ասածի մեջ թակարդ կա կամ բանալի բառ կա, որը հիմնավորվելու մասին է։ Դուք կամ ընդիմախոսները կասեն՝ է չի հիմնավորվի։ Այո, համաձայն եմ, կա էդպիսի ռիսկ և էդպիսի վտանգ, բայց հիմա ամեն հայտարարության հիման վրա առանց ստուգելու, առանց հիմնավորելու մարդ ազատենք կամ մարդ պատժե՞նք։
Այդ դեպքում առանց հիմնավորման հայտարարություններն էլ կդառնան գործիք, որ ով, ում հետ կապված ինչ խնդիր ունենա, մի հատ նամակ կգրի իմ նշած էլեկտրոնային փոստի հասցեով, և այդպես մարդիկ համատարած աշխատանքից կազատվեն կամ տարբեր գործողություններ կլինեն։ Առանց հիմնավորման ուղղակի բանավոր հայտարարության կամ լսածի վրա գործողություն անելը ճի՞շտ ենք համարում։ Չենք կարող այդպես վարվել, թեկուզ կարող է այդպես վարվելու 20 դեպքից 5–ը լինի արդար և դիպուկ։ Բա էն 15 դեպքի հետ ի՞նչ անենք։
Այստեղ մեխանիզմը հետևյալն է, որ քաղաքացիները իրենք իրենց իրավունքների համար պիտի պայքարեն։ Եվ ես հիմա ուղիղ ասում եմ, որ կանգնած եմ բոլոր այն քաղաքացիների կողքին, որոնքիրենց իրավունքների համար պայքարում են։ Բայց այդ պայքարն էլ պետք է լինի արդարացի, փաստարկված, հիմնավորված։ Ուղղակի բանավոր և մերկապարանոց հայտարարությունների վրա մենք չենք կարող գործել։
Ես այս ամեն ինչը չեմ ասում, որպեսզի հիմնավորեմ, որ այդպիսի բան չկա։ Եթե այսքան խոսում են, ահազանգում են, ուրեմն ինչ-որ բան կա, բայց ես ասում եմ՝ ես չեմ կարող գործել առանց հիմնավորման, տվեք հիմնավորումը, ես խոստանում եմ, որ այդ հիմնավորումների հետևից կգնամ։ Չեմ կարող ես առանց մյուս կողմի գործել և որևէ արդյունք արձանագրել։
Իսկ ընդհանուր առմամբ, ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, ժողովրդավարությունը մեզ համար արժեքային համակարգ է, սկզբունք է և ռազմավարություն է։ Մենք դա անելու ենք, մենք դա պատրաստ ենք անել։ Ընդ որում ժողովրդավարությունը, այդ թվում ընտրակաշառքներից պաշտպանելն է, որովհետև մենք չենք կարող ասել թող ընտրակաշառք բաժանեն, դե դա էլ է ժողովրդավարություն։ Դա ժողովրդավարություն չի, դա հակաժողովրդավարություն է, ընդհակառակը ընտրակաշառքների դեմ պետք է ծայրահեղ կոշտ պայքար տանենք։
Եթե որևէ պաշտոնյա որևէ աշխատողի ստիպում է, հարկադրում է, լծակ է գործադրում, որ նա գնա նախընտրական հանդիպման կամ չգնա, այդ պաշտոնյան ենթակա է ազատման։ Եթե որևէ պաշտոնյա որևէ աշխատողի հարկադրում է, վարչական լծակ է օգտագործում, որ նա գնա ընտրության կամ չգնա, այս պաշտոնյան ենթակա ազատման։ Իսկ եթե այդ նույն ձևով հարկադրում, վարչական լծակ է օգտագործում, որ քվեարկի որևէ մեկի օգտին կամ չքվեարկի որևէ մեկի օգտին, նա արդեն ենթակա է քրեական պատասխանատվության։
Կարճ ասած իմ ուղերձը հետևյալն է. ցանկացած դեպք, որը հիմնավորվեց, այդ դեպքով լինելու են հետևանքներ։ Ես այս ուղերձը տալիս եմ նաև մեր բոլոր գործընկերներին, պաշտոնյաներին, հանրապետական, մարզային կամ համայնքային լիազորություններով օժտված պաշտոնյաներին, բոլորիդ կոչ եմ անում ժողովրդավարության, ազատության, օրինականության, կանոններից մի միլիմետր չշեղվեք։ Այսինքն կոչ չեմ անում, հրահանգում եմ և հրամայում եմ՝ մի միլիմետր չշեղվեք։ Որ դեպքում շեղում եղավ, լինելու է շատ կոշտ, անհամաչափ կոշտ արձագանք։
Եվ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հետևյալ կոչն եմ անում՝ ովքեր իմ ասածից դուրս են գործում, գնացեք ընտրությունների, կապ չունի որ թեկնածուն է, ում թեկնածուն է, ինչի թեկնածուն է, գնացեք ընտրությունների և քվեարկեք նման թեկնածուներին և կուսակցություններին դեմ, որ նրանք չընտրվեն, որ նրանք իրենց այդ քայլերի համար պատժվեն։ Սսա է իմ ուղերձը ձեզ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, լավ եղեք, սիրում եմ բոլորիդ»։











