«Չկա կենսաբազմազանություն պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հոկտեմբերի 20–ին, բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակի առջև. նրանք պահանջում են Հայաստանում ընթացող COP17–ի մասնակից երկրներին ջանքեր գործադրել և ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը Արցախ։
Ակցիայի ժամանակ Արցախի Հանրապետության հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը հակիրճ ներկայացրեց նամակի բովանդակությունը՝ նշելով, որ իրենք նախաձեռնության անունից նամակներ են հղել Հայաստանում համատարմագրված բոլոր միջազգային դեսպանատներին. «Նաև փորձում ենք ծրարով փոխանցել այս ամենը, և այսօրվա ակցիան լինելու է բոլոր դեսպանատների մուտքի մոտ։
Նամակում, մասնավորապես, ասվում է. «COP-17-ի համապատասխան քննարկումներում և դիվանագիտական խորհրդակցություններում բարձրացնել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության հարցը, հատկապես Կունմին Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի առաջին, երրորդ և 22-րդ թիրախների իրականացման համատեքստում,
ընդգծել պատմական հողերի մշակութային ինքնության, ավանդական գիտելիքների և կենսաբազմազանության միջև գոյություն ունեցող կապը,
աջակցել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության, այդ թվում եկեղեցիների, վանքերի, գերեզմանատների, պատմական հուշարձանների և ավանդական բնակավայրերի պաշտպանությանը, նպաստել դրանց վիճակի պահպանության և հասանելիության անկախ միջազգային գնահատմանը,
աջակցել Արցախի բեռնի տեղահանված հայերի անվտանգ, կամավոր, արժանապատիվ և կայուն վերադարձի իրավունքի իրացմանը, միջազգային իրավունքի կիրառելի պարտավորություններին, այդ թվում արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման համապատասխան,
կոչ անել Ադրբեջանին ապահովել տեղահանված բնակչության անվտանգության, սեփականության, կենսաապահովման միջոցների, մշակութային ինքնության և համայնքային կյանքի արդյունավետ պաշտպանությանը,
պահանջել Արցախի անտառների, ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի և կենսաբազմազանության վիճակի անկախ միջազգային մշտադիտարկում և արդյունքների թափանցիկ հրապարակում, ներառյալ ռազմական գործողությունների և հետագա զարգացումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասների գնահատումը,
աջակցել ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքների, միջազգային իրավունքի, այլ ծանր խախտումների և շրջակա միջավայրին հասցված վնասների անկախ քննությանը, ներառյալ սպիտակ ֆոսֆոր պարունակող կամ այլ հրկիզող զինամթերքի հնարավոր կիրառման վերաբերյալ մեղադրանքները,
նպաստել պատասխանատվության ապահովմանը, հաստատմանը, խախտումների համար,
ապահովել Արցախի տեղահանված հայերի և համապատասխան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների իրական և արդյունավետ մասնակցությունը միջազգային այն քննարկումներին, որոնք վերաբերվում են նրանց պատմական հողերի, բնական ռեսուրսների, մշակույթային ժառանգության և բնապահպանական ապագային:
Միաժամանակ կոչ ենք անում ձեր երկրին օգտագործել Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունները և միջազգային համապատասխան կառույցներում իր մասնակցությունը նշված նպատակների առաջ մղման և դրանց իրականացման գործում մեխանիզմների ձևավորման համար:
Միջազգային հանրության կենսաբազմազանության պահպանության հանձնառությունը պետք է արտահայտվի նաև համայնքների իրավունքների պաշտպանելու պատրաստակամությամբ, որոնք բռնի կերպով զրկվել են իրենց պատմական հայրենիքում ապրելու հնարավորությունից:
COP-17-ը չի կարող բնությունը դիտարկել առանձին այն մարդկանցից, որոնց ինքնությունը, կենսակերպը դարեր շարունակ ձևավորվել են այն բնական միջավայրերի հետ անքակտելի կապի մեջ։
Մենք պատրաստակամություն ենք հայտնում հանդիպելու ձեր դեսպանության ներկայացուցիչների հետ, առավել մանրամասն ներկայացնելու մեր մտահոգությունները, տրամադրելու համապատասխան փաստաթղթեր, բարձրացնելու դիմումում նշված խնդիրները և քննարկելու այն կոնկրետ դիվանագիտական քայլերը, որոնց միջոցով ձեր երկիրը կարող է նպաստել դրանց լուծմանը։
Խնդրում ենք նաև սույն դիմումը փոխանցել ձեր երկրի կառավարությանը, համապատասխան մարմիններին և COP-17-ի շրջանակներում ներգրավված ներկայացուցիչներին պատշաճ քննարկման և հետագա գործողությունների համար»:
Ալվարդ Զաքարյանը հույս հայտնեց, որ կկարողանան նաև որոշակի հանդիպումներ ունենալ դեսպանատան ներկայացուցիչների հետ, որ կարողանան ցանկացած միջազգային այսպիսի հարթակներում օգտագործել և բարձրացնել Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքը, որը նաև COP17–ի անքակտելի մասն է կազմում։
«Ցավոք սրտի, մեր կառավարությունը ոչ մի ձև չի աջակցում, ընդհակառակը, երբ կաթողիկոսն է բարձրացնում այդ հարցը, հետապնդումների է ենթարկում և տարբեր այլ միջազգային դերակատարների կողմից փորձում են ամեն ձև խոչընդոտել, որ այս հարցին լուծում տրվի։
Եկել են, բոլորը խոսում են բնիկների մասին, իսկ 150 000 բնիկ ժողովուրդ Արցախի կտրվեց իր հողից, ջրից ու այն գործունեությանը ծավալելու հնարավորությունից, որով որ զբաղվել են դարեր շարունակ։
Այն, ինչ կատարվել է Արցախում, դա ցեղասպանություն է և ցեղասպանության շարունակություն է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ իրականացնում է։ Ես կոչ եմ անում ոչ միայն միջազգային, այլ նաև մեր հասարակական քաղաքական գործիչներին, երբ որ խոսում են Արցախի մասին, ասել, որ դա եղել է ցեղասպանություն։ Միջազգային տարբեր ցեղասպանական կառույցներ արդեն ընդունել են, որ Արցախում եղել է ցեղասպանություն, բայց մենք կարծես թե միշտ խուսափում ենք։
Նաև մենք պետք է շատ ակտիվ լինենք, մենք պետք է անընդհատ բարձրացնենք հարցը, և ով գալիս է Հայաստան, իմանա, որ այստեղ կան 150 հազար արցախցիներ, որոնք ցեղասպանությունից մազապուրծ են եղել ու այստեղ ապրում են միայն մեկ նպատակով, որ հետ վերադառնան Արցախ։ Այս հարցը մենք փորձելու ենք անդադար բարձրացնել»,–ասաց նա։











