Բազմաթիվ օրինակներ կան միջազգային հանրության փորձից ելնելով, երբ ինքնորոշման իրավունքով օժտված տարբեր ժողովուրդներ հասել են իրենց նպատակներին, կամ առնվազն դրա ճանապարհին են, որովհետև մարդու իրավունքների տեսանկյունից պարտադիր չէ, որ բնօրրան պետությունը հանդիսանա իրենց իրավունքների ներկայացուցիչը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, իրավապաշտպան Նարե Արամյանի հետ։
Նշենք, որ «Չկա կենսաբազմազանություն պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիաներ է կազմակերպել դեսպանատների առջև. նրանք պահանջում են Հայաստանում ընթացող COP17–ի մասնակից երկրներին ջանքեր գործադրել և ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը Արցախ։
«Այո, մենք դա կարող ենք անել նախևառաջ, այլ պետությունների օգնությամբ, և պատահական չէ ընտրված Ֆրանսիայի դեսպանատունը, որովհետև Ֆրանսիան մեր բարեկամական ժողովրդի ներկայացուցիչ պետությունն է, որը տարիներ շարունակ դարեր ի վեր օգնել է հայ ժողովրդին։ Այսօր էլ Ֆրանսիան կարող է հանդես գալ որպես Արցախի բնիկ ժողովրդի ներկայացուցիչ միջազգային ատյաններում առաջին հերթին խմբային իրավունքները ներկայացնելու, և իհարկե անհատական մակարդակով մարդու իրավունքների պաշտպանություն տրամադրելու տեսանկյունից։ Մենք հուսով ենք նաև, որ Շվեյցարիան նույնպես ձեռնամուխ կլինի այդ իրավունքների ներկայացմանը, որովհետև այլ տարբերակներ, քան միջազգային ատյաններում մեր իրավունքները բարձրաձայնելը, մենք չենք տեսնում։
Դա առաջին հերթին բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, որովհետև չի կարող լինել որևէ խաղաղություն, որևէ քիչ թե շատ կայուն զարգացում ցանկացած տարածաշրջանում, եթե պատերազմական հանցագործությունների և առավել ևս ցեղասպանական գործողությունների իրավական լուծումները միջազգային մակարդակով չեն տրվել»,–ասաց նա։











