Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատարել է իր սահմանադրական պարտականությունները։ Դրա մասին դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում, որտեղ քննվելու է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակի կալանքը երկարաձգելու միջնորդությունը, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Այն, ինչում մեղադրվում են Քոչարյանները՝ Կասկադից ձախ գտնվող տարածքը, այն, ինչ վերագրվում է, որևէ առնչություն չունի Քոչարյանների ընտանիքի որևէ անդամի հետ»,- ընդգծել է Մանուկյանը։ Զուգահեռներ անցկացնելով՝ նա նշել է, որ աջակողմյան հողամասը կառավարությունը ոչ վաղ անցյալում տրամադրել է կառուցապատման համար՝ հայտարարելով, թե տարածքի բարեկարգման համար անհրաժեշտ է 50 միլիոն դոլար, իսկ գումար չկա, թեև կառավարությունը 8 միլիարդով ավելացրել է պետական պարտքը։ Որոշումը ստորագրել է Փաշինյանը, սակայն սխալ կլիներ մեղադրել հենց միայն նրան․ գործարքը կասկածելի է, ուստի պետք է պատասխան տան բոլորը՝ ով որ ներկայացրել է նախագիծը, հիմնավորել այն և այլն։ Ըստ Մանուկյանի՝ այժմ Սեդրակ Քոչարյանը, լինելով ամենաապաքաղաքականացված քաղաքացին, դարձել է քաղբանտարկյալ։ Նա երբեք որևէ առնչություն չի ունեցել քաղաքականության հետ, շարունակել է պատգամավորը։
Նրա ասելով՝ վաղեմության ժամկետները հաղթահարելու համար քննությունը ներգրավել է ինչ-որ երրորդ անձի։ «Մորը և երկու դստերը կալանավորել են։ Հորը տնային կալանքի են ենթարկել, ըստ երևույթին՝ հոգեբանական ճնշման նպատակով, որպեսզի ցուցմունք ստանան»,- ենթադրել է Մանուկյանը։ Պատասխանելով հարցին, թե ինչու է որպես խափանման միջոց ընտրվել կալանքը, պատգամավորը նկատել է, որ այսպիսով իշխանությունները չեզոքացնում են Ռոբերտ Քոչարյանին. օրակարգում Ալիևի սահմանադրության ընդունումն է, անկլավները և այլն։ «Նաև TRIPP-ը։ Նույնիսկ ֆինանսների նախարարությունն է ասում, որ հաշվարկներ չկան, վաղը ես դրա մասին կխոսեմ։
Կան արտաքին սպառնալիքներ, Փաշինյանը սրել է հարաբերությունները ՌԴ-ի և ԵԱՏՄ-ի հետ»,- թվարկել է Մանուկյանը՝ հավելելով, որ հենց Քոչարյանի օրոք է Հայաստանը դիվերսիֆիկացրել հարաբերությունները։ Մանուկյանը հիշեցրել է, թե ինչպես էին Ժակ Շիրակի օրոք Քոչարյանին ընդունում էին Փարիզում կամ հյուրընկալում ԱՄՆ-ում։











