Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար և մեկուսացում քաղաքական գործընթացներից։ Դրա մասին հայտարարեց ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ լրագրողների հետ զրույցում՝ դատարանի բակում, որտեղ պետք է քննվեր Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը:
Պատգամավորն ընդգծեց կալանքի լիակատար անհիմն լինելը՝ նշելով, որ Սեդրակի դեպքում նպատակը նախկին նախագահի և նրա հետագա քաղաքական գործունեության վրա ճնշում գործադրելն էր։ Նա հիշեցրեց այն պնդումների լիակատար անհիմն լինելը, թե ազատության մեջ մնալով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող էր խոչընդոտել քննությանը. «Ոչ ոք չի կարող հստակ բացատրել, թե նա ինչպես կարող էր խոչընդոտել քննությանը։ Գնար պատռե՞ր կառավարության՝ իր կողմից սահմանադրական պարտականությունների շրջանակում ստորագրված որոշումները»։ Խոսելով այն մտավախությունների մասին, թե երկրորդ նախագահը «կարող է թաքնվել», Գրիգորյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը 2018-ին ինքն է վերադարձել Հայաստան, և բոլորը հասկանում են նման «մտավախության» անհեթեթությունը։ Սա վրեժ է և Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնելու, որոշ քաղաքական քայլերից առաջ ընդդիմադիր դաշտը թուլացնելու փորձ, կարծում է Գրիգորյանը։
Պատգամավորն արձանագրեց, որ Քոչարյանը հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդն է, և նրա կալանավորումն ազդում է ամբողջ դաշտի, մասնավորապես «Հայաստան» դաշինքի գործունեության վրա։
Պատասխանելով այն հարցին, թե խոսքը միայն քաղաքակա՞ն, թե՞ նաև անձնական վրեժի մասին է, պատգամավորը համաձայնեց, որ իշխանափոխությունը սկսվել էր «մերժիր Սերժին» կարգախոսով, սակայն այսօր ինչ էլ որ ասի (Փաշինյանը), վերջում խոսում է Քոչարյանի մասին, քանի որ նա իր գլխավոր քաղաքական և գաղափարական հակառակորդն է։











