Արդյո՞ք TRIPP-ը Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ընդամենը շուրջ 42 կմ երկարությամբ ճանապարհահատված է։ Արդյո՞ք դրա մեջ մտնում է նաև Երասխով անցնող ճանապարհը։ Եթե այո, ապա Երասխի ճանապարհին գործելո՞ւ է նույն ռեժիմը, ինչ Հայաստանի տարածքով անցնող մյուս ճանապարհին։ Այսպիսի հարցերով հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին է դիմել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։
Պատգամավորը թեմայի շուրջ նաև այլ հարցեր է բարձրացրել.
«Որքա՞ն է TRIPP-ի լայնությունը, և կոնկրետ ո՞ր տարածքի մասին է խոսքը։ Այդ 42 կիլոմետրի վրա կանգառներ լինելո՞ւ են, թե՞ ոչ»։
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չի կարող պատասխանել TRIPP-ի լայնության մասին հարցին։
«Լայնության մասին հարցը ես համարում եմ… Չեմ կարող պատասխանել դրան, որովհետև նման հասկացություն գոյություն չունի։ Մենք չենք կարող խոսել TRIPP-ի լայնության մասին։ Օրինակ՝ մի ենթակառուցվածքը, ասենք՝ գազատարը, անցնելու է Ղազախ-Իջևան երթուղով, իսկ երկաթուղին՝ Մեղրիով… Ո՞րն է այդ դեպքում լայնությունը… Ես այս փաստաթուղթը 20 հազար անգամ կարդացել եմ և դրանում «հատուկ ռեժիմ» բառերին չեմ հանդիպել»,— ասել է Միրզոյանը։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք TRIPP-ի շրջանակում կառուցվելիք երկաթուղու վրա կանգառներ լինելու են, կառավարության ներկայացուցիչը դրական է պատասխանել։











