Հայաստանի իշխանությունների վարքագիծը վկայում է նրանց վախի և թուլության մասին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Հիշեցնենք, որ Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան»-ի 14 ներկայացուցիչ, այդ թվում՝ քաղաքապետի թեկնածուն։

Պատգամավորն ընդգծել է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ հերթական անգամ խախտվել է անմեղության կանխավարկածը՝ հավելելով, որ իշխանությունները դիմել են ճնշումների և բռնաճնշման մեթոդների։ Նրա խոսքով՝ ոչ մի իշխանության օրոք իրավապահ մարմիններն այսպիսի մասշտաբով չեն ներգրավվել քաղաքական կյանքում։

«Մեկ անձի (Փաշինյանի) բացարձակ իշխանություն է։ Ոչ մի դատախազ կամ քննիչ չի կարող խոսել անկախության մասին։ Նա (Փաշինյանը) ամեն ինչ որոշում է միանձնյա»,— նշել է Ղազինյանը՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա կոչը, թե ընտրախախտումների դեպքում պետք է դիմել անձամբ իրեն։ Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատումներին, Ղազինյանը տեղին է նկատել, որ պաշտոնապես միշտ էլ ինչ-որ «պատճառաբանություն» կգտնվի։

Միևնույն ժամանակ նա կտրականապես չի հերքել, որ ինչ-որ մեկը կարող էր անձնական նախաձեռնությամբ փորձել նյութապես շահագրգռել ընտրողներին։ Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը որոշել է ինքնագործունեությամբ զբաղվել, ապա առաջին հերթին կպատժվի հենց կուսակցության ղեկավարության կողմից։ Ղազինյանը հայտնել է, որ երկու օր առաջ եղել է Ստեփանավանում, զրուցել թեկնածուի ու շտաբի պետի հետ և բազմիցս զգուշացրել, որ ոչ ոք չփորձի գումար բաժանելու տեսքով «արջի ծառայություն» մատուցել։ Ճիշտ է, հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը Ղազինյանի մոտ հարցեր է առաջացնում, ինչպես և ձայնագրության բովանդակությունը։ «Հակակոռուպցիոն կոմիտեն ինքն էլ չի հերքում, որ տեսանյութերը մոնտաժվում են։ Իսկ ի՞նչ չափով են մոնտաժվում։ Դա խեղաթյուրում է իմաստը»,— փաստել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ տեսանյութում երևացող գումարը կարող է ցանկացած բանի համար նախատեսված լինել։ «Մինչև 300 հազար դրամի գործարքները կարելի է կատարել կանխիկով։ Դա կարող է ամեն ինչի գումար լինել։ Գրպանից փող հանելն անպայման կաշա՞ռք է։ Մարդիկ նաև աշխատավարձ են ստանում։ Իրենց (իշխանությունների) տրամաբանությամբ՝ մարդիկ կես տարի աշխատում են, որ հետո կաշառքի տեսքով բաժանե՞ն։ Առհասարակ տարօրինակ է, որ ինչ-որ մեկն անընդհատ կաշառք է տալիս, բայց վերցնողներին այդպես էլ չեն կարողանում գտնել»,— նշել է Ղազինյանը։ Պատգամավորն ընդգծել է, որ ուժեղ իշխանությունը նման մեթոդների չի դիմում։

«Իշխանությունները վախենում են ոչ թե թեկնածուից, այլ իրավիճակից, ցանկացած գործողությունից, որը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ»,— նկատել է Ղազինյանը։ Նա հայտնել է, որ կուսակցությունում դեռ չեն քննարկել, թե ինչպես են վարվելու թեկնածուի կալանավորման դեպքում, սակայն «ժողովուրդն ամեն ինչ հասկանում է և հետևություններ կանի»։

Փաշինյանի գործողությունները նա գնահատում է որպես ԵԽԽՎ զեկույցի համատեքստում արտաքին հարթակում խայտառակությունից խուսափելու փորձ։ «Արտաքին հովանավորներն արդեն երես են թեքում նրանից։ Երկու աթոռի վրա նստելու փորձերը դեռ ոչ մեկին հաջողություն չեն բերել»,— հայտարարել է Ղազինյանը։ Իսկ երբ լրագրողները փորձել են պարզել այդ հովանավորների անուններն ու տարբեր վարկածներ են հնչեցրել, պատգամավորը նկատել է, որ Պուտինը միանշանակ աջակցում է Փաշինյանին։