Մենք հիմա խոսում ենք ենթադրությունների մասին։ Այս մասին հոկտեմբերի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ զեկույցին։

Նրա խոսքով՝ զեկույցը 50%-ով ուռճացված է, իսկ մնացած մասի թվերը հայկական կողմն ավելի վաղ արդեն ներկայացրել էր։

Նա հայտնել է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու Ֆինանսների նախարարությունն աշխատանքային խումբ են ձևավորել և ուսումնասիրություն իրականացրել՝ գնահատելով ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու ազդեցությունը։

Պապոյանը պարզաբանել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում տնտեսության համար բացասական ազդեցությունը մեծ չի լինի և գնահատվում է -0,61%։

Նա վստահեցրել է, որ Հայաստանը միշտ բարեխղճորեն է կատարել ԵԱՏՄ-ի առջև իր պարտավորությունները։

«Չկան այնպիսի պարտավորություններ, որոնք մենք կատարած չլինենք։ Մենք այս հարցը դիտարկում ենք որպես տնտեսական վեճ, ինչը վերաբերում է նաև տնտեսական սահմանափակումներին։ Այդ կապակցությամբ դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որի նիստը կկայանա նոյեմբերի 3-ին»,— նշել է նախարարը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու պահանջին, նա ընդգծել է, որ Հայաստանն իր հստակ դիրքորոշումն արդեն հայտնել է։

Անդրադառնալով ատոմակայանի հարցին՝ Պապոյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ թե ամերիկամետ կամ ռուսամետ են, այլ հայամետ։ «Մենք ընտրում ենք այն տարբերակը, որն առավել շահավետ է Հայաստանին։ Որևէ երկրի կամ ժողովրդի նկատմամբ հատուկ վերաբերմունք չունենք»,— հավելել է նախարարը։