Եթե մեր գնացքի հետ Ադրբեջանում ինչ-որ բան պատահի, դրանով պետք է զբաղվեն ադրբեջանցի մասնագետները։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։
«Իսկ եթե Հայաստանում որևէ բան պատահի ադրբեջանական գնացքի հետ, ապա դրանով պետք է զբաղվեն հայ մասնագետները կամ TRIPP-ի՝ հայկական ընկերության մասնագետները»,— հավելել է նախարարը։
Նա չի բացառել համագործակցության տարբերակների հնարավորությունը։
«Աստված մի արասցե, եթե մի բան լինի, որը կսպառնա մարդկային կյանքին։ Այդ դեպքում ի՞նչը մեզ կխանգարի ներգրավել նաև նրանց մասնագետներին։ Նույնը վերաբերում է նաև հակառակ իրավիճակին»,— նշել է ԱԳ նախարարը։











