Նման բաներ երբեմն պատահում են։ Ադրբեջանցի հովիվը լիովին կարող է մոլորվել։ Ի դեպ, նման դեպք կարող է տեղի ունենալ նաև մեր կողմից։ Այդպիսի դեպքերին երկու կողմերն էլ կառուցողական են մոտենում։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, թե ադրբեջանցի հովիվը հատել է Հայաստանի պետական սահմանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։

«Կարող են լինել նաև Շաքիի միջադեպի նման դեպքեր։ Եվ այստեղ էլ պետք է արժանին մատուցել՝ մոտեցումները լիովին համարժեք էին»,— ասել է նախարարը։

Միրզոյանն ընդգծել է, որ իրական կյանքում հնարավոր չէ բացառել նման իրավիճակները։ Դրան, նրա խոսքով, կարելի է հասնել միայն պատ կառուցելու պարագայում։

«Հուսով եմ՝ մենք պատեր չենք կառուցի, այլ կգանք ավելի համատեղ լուծումների»,— նշել է կառավարության ներկայացուցիչը։

«Կան նաև բացասական կողմեր, գիտեմ։ Իսկ ի՞նչ անենք մենք. ասենք՝ վե՛րջ, ամեն ինչ դադարեցնում ենք, փակվում և վերադառնո՞ւմ հակամարտությանը։ Դա Հայաստանի համար լավագույն ճանապարհը չէ»,— հայտարարել է ԱԳ նախարարը։