Ես երեկ Ստեփանավանում էի և տեսա, թե բնակիչները որքան ջերմ էին ողջունում մեր թեկնածու Արսեն Գևորգյանին։ Դա տեսնում են նաև իշխանությունները և հասկանում են, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության հաղթելու շանսերը շատ ավելի մեծ են։ Այս մասին հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների գործողությունները հենց այդ վախի դրսևորումն են, քանի որ նրանք կարծում են, թե Հայաստանում իրենց միանձնյա իշխանությունը հաստատելու համար պետք է դիմել բոլոր հակաժողովրդավարական մեթոդներին։ Հովսեփյանը հստակեցրել է, որ իշխանությունները վախենում են այդ համայնքում ընդդիմության հաղթանակից։
Նա տեղեկացրել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի խմբակցությունը նիստից հետո մեկնելու է Ստեփանավան՝ աջակցելու իրենց քաղաքացիներին։
«Իշխանությունները կրկին վախի մթնոլորտ են տարածում և ահաբեկում սեփական քաղաքացիներին՝ փորձելով վերստին կեղծել ընտրությունները։ Նույն բանը տեղի էր ունենում այս տարվա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ զանգվածաբար բերման էին ենթարկվում ու ձերբակալվում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներն ու աջակիցները, իսկ հետո նրանք ազատ արձակվեցին»,— ընդգծել է պատգամավորը՝ սա որակելով ընդդիմության գործունեությունը խաթարելու փորձ։
Նա նշել է, որ իշխանություններն արդեն ունեն մոնտաժված ձայնագրություններ հրապարակելու և այդ կերպ ընդդիմադիրներին մեղավոր ներկայացնելու փորձ։
Նրա խոսքով՝ ընդ որում, այդ ձայնագրությունների հիման վրա տարբեր արարքներ վերագրված անձանց մեծ մասն ազատ է արձակվել։ «Հետևաբար, մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու այսօր հրապարակվող ձայնագրությունների իսկությանը»,— եզրափակել է Հովսեփյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է











