2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կողմից կազմակերպված աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։
«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ այսօր բողոքի ակցիա է։ Ակցիայի մասնակից «Պրոյեկտ Ինտեր–Ինվեստ» խմբի (հիմնադրվել է 2002 թվականին և պատկանում է գործարար Նարեկ Նալբանդյանին–խմբ.) ֆինանսական վերահսկողության ղեկավար Արսեն Պողոսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ սեպտեմբերի 30–ին դիմել են սնանկության կառավարչին` «Հրազդան» ցեմենտի գործարանի գույքն ուղիղ վաճառքի տարբերակով ձեռքբերելու նպատակով։
«Մենք սեպտեմբերի 30-ին դիմում ենք ներկայացրել սնանկության կառավարիչին, «Հրազդան ցեմենտ» ընկերության գույքը ուղիղ վաճառքի տարբերակով ձեռք բերելու նպատակով, որը քննարկման է դրվել, հոկտեմբերի 6–ին տեղի է ունեցել պարտատերերի ժողովը, պարտատերերի ժողովում դրական եզրակացությամբ կազմվել է արձանագրություն։ Քվեարկության իրավունք ունեցող միակ պարտատեր բանկը տվել է իր համաձայնությունը, այլ պարտատերերի կողմից որևէ բողոք, բացասական դիրքորոշում չի եղել, և այդ հիմքի հիման վրա սնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել սնանկության դատարան, որը գտնվում է դատավոր Աշոտ Ջավախյանի տիրույթում։
Տևական ժամանակ է անցել, բայց առ այսօր մենք այդ համաձայնությունը չունենք, և յուրաքանչյուր օր համաձայնություն չունենալը բերում է նրան, որ այս հսկա, ահռելի ստրատեգիական նշանակություն ունեցող գործարանը չի շահագործվում։ Դրա հետևանքով համապատասխան աշխատատեղերը չեն համալրվում համապատասխան աշխատակիցներով։ Խոսքը հարյուրավոր աշխատակիցների մասին է։ Մենք հնարավորություն չենք ունենում թողարկել մրցունակ և որակյալ արտադրանք, որը այս պահին շուկայում ամենակարևոր հարցն է, որովհետև մեր արտադրանք թողարկելով շուկայում որոշակի մեղմացումներ տեղի կունենան։
Տնտեսության ամենակարևորագույն ոլորտներից մեկը, լոկոմոտիվը համարվում է շինարարությունը, իսկ այս գործարանը ուղիղ կապ ունի շինարարության հետագա զարգացման հետ։
Եկել հասել ենք մի կետի, որտեղից չենք կարողանում առաջ շարժվել զուտ օրենքի տեսանկյունից»,–ասաց նա։
Պողոսյանի խոսքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ հստակ ժամկետներ սահմանված չեն, թե երբ կհրապարակվի դատարանի որոշումը. «Այս անորոշության մեջ ինքներս էլ չենք հասկանում՝ ինչքան դա կարող է տևել։ Առջևում ձմեռ է, հազար խնդիր ունենք մենք լուծելու, պայմանավորվածություններ կան։ Ես ասեմ ավելին, որ մենք ի սկզբանե, երբ որ աճուրդում հաղթող ենք ճանաչվել, ձեռնամուխ ենք եղել բավականին մեծ ներդրումային ծրագրի, շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափի ներդրումներ ենք իրականացրել։
Նկատած կլինեք՝ այս ճանապարհի վերանորոգումը մենք հիմնադրի՝ Նարեկ Նալբանդյանի սեփական միջոցներով և իր ռիսկով արդեն իսկ վերանորոգել ենք»,– ընդգծեց նա։
Հարցին՝ եթե գործարանը գնորդը Նարեկ Նալբանդյանը չլիներ, այլ ուրիշ անձ լիներ, ավելի հեշտությա՞մբ այն կիրականացվեր, նա պատասխանեց. «Այս հարցը բավականին մեծ հանրային հնչեղություն է ստացել,վարչապետն էլ ուղիղ և անուղղակի որևէ ցուցում չի տվել, այլ հարց է, թե այդ հասցեատերերը, ովքեր կատարողներն են, ի՞նչ ընկալումներ են ունեցել այդ հայտարարություններից հետո։
Հոկտեմբերի 6–ից առ այսօր մենք սպասում ենք դատավորի այդ որոշմանը։ Ստացվում է մի իրավիճակ, որ բոլոր շահագրգիռ կողմերը կողմ են, բանկը որպես գրավառու՝ կողմ է, որպես միակ պարտատեր, ով ձայնի իրավունք ունի՝ կողմ է, բոլոր պարտատերերը կողմ են, սնանկության կառավարիչը՝ հավանության արժանացնելով այդ միջնորդությունը, ներկայացրել է, որ ինքն էլ է կողմ, գնորդն էլ պատրաստ է այդ գնով ձեռք բերել։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարում, որ մենք այսօրվա դրությամբ այդ համաձայնությունը չունենք։
Մենք էլ պետք է ազնիվ գտնվենք աշխատակիցների հետ և իրավիճակը ներկայացնենք, որ իրենք էլ իմանան, թե որտեղ ենք մենք կանգ առել»։
Հարցին՝ ո՞րն է լինելու իրենց հետագա քայլը, եթե այսպես շարունակվի, Պողոսյանն արձագանքեց. «Եթե տևական ժամանակ մենք այդ համաձայնությունը չունենանք, բնականաբար մենք էլ ոլորտի լրջագույն մասնագետներին կհրավիրենք, կխորհրդակցենք ու իրավիճակին համապատասխան օրենքով սահմանված կարգով բոլոր գործողությունները կդիտարկենք»։
Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։
Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին։ Վարչապետը հայտարարել էր. «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»,– ասել էր վարչապետը։ Նա նաև զգուշացրել էր գործարարներին, որ նման տպավորություն ստեղծելու փորձերին իշխանության արձագանքը լինելու է «դաժան, շատ դաժան, անհամաչափ»։











