«Հրազդացեմենտ» գործարանն ունեցել է 450 աշխատակից և հարակից ծառայություններ, որ սպասարկում են գործարանին, ընդհանուր առմամբ շահառուների թիվը 1000-ը կգերազանցի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21–ին, գործարանում բողոքի ակցիայի ժամանակ նշեց Լևոն Կակոսյանը, ով գնման գործարքից հետո պետք է լինի գործարանի տնօրենը։
«Հիմա մեր կողմից իրականացվել են որոշակի աշխատանքներ և կազմվել է գործարանն արդիականացնելու ծրագիր՝ նոր սարքավորումներով, նոր տեխնոլոգիաներով, որ այսօր մենք չենք կարողանում իրականացնել, քանի որ փաստացի իրավունք չունենք ոչ մի գործողություն կատարելու գործարանում։ Այս անորոշությունը անլրջություն առաջացնում մեր նկատմամբ մեր գործընկերների կողմից։ Այս պահին մեր հաճախորդներն էլ անհամբեր սպասում են գործարկմանը։ Ամեն օր զանգում են, հարցնում են՝ երբ եք արտադրանք տալու։
Հիմա նախնական մտածում ենք ստորագրահավաք կազմակերպենք, դիմենք կառավարությանը, հասկանանք, թե սրա լուծումը ի՞նչ է լինելու։ Համաձայնություն կա՞, թե՞ չկա, գոնե հետագա քայլերն էլ մեր ճիշտ պլանավորենք։
Արդեն իսկ մենք գործարքի ձգձգումից կրել ենք շուրջ 560 միլիոն դրամի վնաս, այսինքն հայտնի հայտարարությունների արդյունքում այդ գործարքը չկայացավ, բանկը չֆինանսավորեց, հիմա գնացել ենք ուղիղ վաճառքի։ Մնացել է մի համաձայնություն, ու դա ձգձգվում է։
Սա ոչ քրեական հանցագործություն է, ոչ կոռուպցիա է, լավ բան ենք անում մենք։ Գործարանի աճուրդը մի քանի անգամ չի կայացրել մասնակից չունենալու պատճառով, ու հիմա մենք ուզում ենք առնենք, փաստացի չեն էլ վաճառում։
Կարծում եմ՝ այդ համաձայնությունը կարելի է ինչ-որ չափով արագացնել, քանի որ շուկայում գոյություն ուներ ցեմենտի պահանջարկ, բայց առաջարկ չկար։ Դրա արդյունքում թանկացումներ տեղի ունեցան։
Մենք այս հսկա գործարանը ունենք, լրիվ հնարավորություններն ունենք շուկան ամբողջությամբ հագեցնելու ու ստեղծելու արժեքներ, տալու աշխատանք աշխատողներին, համայնքին, պետությանը հարկեր, տուրքեր վճարել, կատարել ներդրումներ։ Հիմա ընդամենը մի բան է մեր ուզածը՝ այդ համաձայնությունը ստանալ ու արդեն պատրաստ ենք շուտափույթ արտադրություն սկսելու։
Հիմա ընդամենը մի բան է մեր ուզածը՝ այդ համաձայնությունը ստանալ ու արդեն պատրաստ ենք շուտափույթ արտադրություն սկսելու»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։
Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։
2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կողմից կազմակերպված աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին։ Վարչապետը հայտարարել էր. «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»,– ասել էր վարչապետը։ Նա նաև զգուշացրել էր գործարարներին, որ նման տպավորություն ստեղծելու փորձերին իշխանության արձագանքը լինելու է «դաժան, շատ դաժան, անհամաչափ»։











