Անընդհատ ուզում են սնանկացրած լինեն «ԳՀրազդանցեմենտ» գործարանը, քանի որ մի քանի հոգու երևի ձեռք չի տալիս գործարանի աշխատանքը, իսկ այս գործարանը առնվազն ապահովում է մոտավորապես 10000 մարդու աշխատանք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21–ին, գործարանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց աշխատակիցներից մեկը, ով այս գործարանում աշխատում է 44 տարի։

«Սա պետության համար ամենաօգտավետ գործարանն է, ստրատեգիական գործարան է։ Հիմա գնում են Պարսկաստանից, Վրաստանից, Ադրբեջանից կլինկեր են բերում, ինչի մենք չունե՞նք, ունենք։ Ժամում 70 տոննա կլինկեր է տալիս մի փեչը, ինչո՞ւ գնա ուրիշից առնի, այդ փողը չի կարա՞ մնա մեր Հայաստանում, ոչ թե տանի ադրբեջանցուն, վրացուն, պարսիկին կամ ինչ-որ երկրի տա։ Ինչի՞ տանի տա։ Չգիտեմ այստեղ խաղեր է գնում ու չգիտեմ ինչ խաղեր է սա։

Մի հատ դատավորի հարց չեն կարող լուծել, դատավորը ինչու թույլ չի տալիս, որ այդ թուղթը ստորագրվի, ի՞նչ է պատճառը, դատավորին ո՞վ է նեղում, որ չի ստորագրում։ Կողքից նեղող կա երևի, որ չի ստորագրում։ Դա իմ կարծիքն է»,–ասաց նա։

Գործարանի աղացման արտադրամասի պետ Մամիկոն Խուբլարյանն էլ ասց. «Մենք արդեն երկու տարի է գոյացած պարտքեր ունենք նախկինից, մինչև հիմա չենք ստացել։ Բնականաբար հին մեր պարտքերը պետք է տա սնանկության կառավարիչը, նոր սեփականատերերի հետ համաձայնություն ենք անում, որ աշխատենք, մեր աշխատատեղերը վերականգնվեն։ Նաև փոխանցված գումարներից մեր հին պարտքերը մի որոշ մասով կփակվի ու կամաց-կամաց ընթացիկ բոլոր պարտքերը կմարվի։

Սա աշխատող գործարան է և իր արդյունքներով, իր որակով, միանշանակ գերազանցում է ցեմենտի որակով»,–ասաց նա։

Հարցին՝ մեկ աշխատողի հաշվարկով որքան է կազմում պարտքը, նա պատասխանեց. «Միջինը մեկ աշխատողի երկու տարվա գոյացած պարտքը մոտ 3 մլն կլինի։ Մեր ուզածը այն է, որ թույլ տան աշխատենք»։

Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։

Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։

2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կողմից կազմակերպված աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին։ Վարչապետը հայտարարել էր. «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»,– ասել էր վարչապետը։ Նա նաև զգուշացրել էր գործարարներին, որ նման տպավորություն ստեղծելու փորձերին իշխանության արձագանքը լինելու է «դաժան, շատ դաժան, անհամաչափ»։