Ես ցեմենտատարի վարորդ եմ, հիմա սպասում ենք, որ «Հրազդան ցեմենտ» գործարանն սկսի աշխատել, ու այդ դեպքում ցեմենտի պրոբլեմ չի լինի Հայաստանում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21–ին, գորածարանում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Հիմա ուր գնում ենք՝ ցեմենտի կրիզիս է։ Եթե այստեղ սկսի աշխատել, արդեն թույլատվություն լինի, շատ լավ կլինի։ Եթե գործարանն աշխատի, ինձ թվում է ավելի էժան կլինի ցեմենտը, քանի որ տեղում կարտադրվի»,–ասաց նա։
Գործարանի աշխատկիցներից Արտակ Մովսիսյանն էլ նշեց. «Ես 14 տարի է՝ աշխատում եմ Նարեկ Նալբանդյանի ֆիրմայում, որպես վարորդ։ Հիմա ցեմենտի պրոբլեմ ունենք Հայաստանում, եթե մեր արտադրանքը ունենանք, ավելի լավ կլինի, ավելի էժան կլինի։ Հիմա դեֆիցիտ է առաջացել։ Հիմա մարդիկ հարցնում են՝ ինչի՞ չի աշխատում գործարանը, որն է խնդիրը»։
Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։
Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։
2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կողմից կազմակերպված աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին։ Վարչապետը հայտարարել էր. «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»,– ասել էր վարչապետը։ Նա նաև զգուշացրել էր գործարարներին, որ նման տպավորություն ստեղծելու փորձերին իշխանության արձագանքը լինելու է «դաժան, շատ դաժան, անհամաչափ»։











