Երեք տարի է՝ մենք աշխատավարձ չենք ստանում, չգիտենք՝ պատճառն ինչ է, հիմա լավ մարդիկ են եկել, վստահելի մարդիկ են, մեզ աշխատանք կտան, մենք կաշխատենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբեր ի21–ին, «Հրազդացեմենտ» գործարանում բողոքի ակցիայի ժամանակ նշեց գործարանի աշխատակիցներից Սուրիկ Սողոմոնյանը։
«Հիմա էս մեր պետությունը ի՞նչ է մտածում։ Ես պրյամոյ դիմում եմ մեր վարչապետին, ես իր երկրպագուն եմ եղել, իր ընտրող եմ եղել, ես արել եմ ամեն ինչ, թող այսօր ինքը նայի ժողովրդին, ժողովուրդը սոված մեռնում են, կոտորվում են։ Ինքը ասում է ժողովրդի վիճակը բարելավվել է։ Պարոն վարչապետ, ես խնդրում եմ լսի, ո՞նց է բարելավվել, որ երեք տարի մենք աշխատավարձ չենք ստանում։ Աշխատավարձս հասել է երեք միլիոնի։
Երեք տարի կանգնել է գործարանը և հատուկ հրաման կա, որով մեզ 2/3–ով վարձատրում են։ Երեք տարում կուտակվել է, դարձել է 3 մլն։ Երբ մենք լսեցինք, որ Նարեկ Նալբանդյանն է առնում, ես հույս ունեմ, որ լավ կլինի»,–ասաց նա։
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ գործարանի գնման գործարքը չի կայանում, ձգձգվում է, աշխատակիցը պատասխանեց. «Մութ է մեզ համար, մենք չենք հասկանում ինչ է կատարվում։ Հիմա եկել է էն պահը, որ դատավորը պիտի ստորագրի, որ էդ գումարը մեր փոխանցեն, մեր աշխատավարձը տան, զավոդը աշխատի։ Մեր նոր տնօրենի ասածը դա է»։
Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։
Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։
2026 թվականի սեպտեմբերին «ԱՄԻՕ Բանկ»-ի կողմից կազմակերպված աճուրդում գործարանի գույքային համալիրը 11 մլրդ 101 մլն դրամով ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին։ Վարչապետը հայտարարել էր. «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»,– ասել էր վարչապետը։ Նա նաև զգուշացրել էր գործարարներին, որ նման տպավորություն ստեղծելու փորձերին իշխանության արձագանքը լինելու է «դաժան, շատ դաժան, անհամաչափ»։











