Նույնիսկ բեռնափոխադրումների հոսքերի զգալի աճի դեպքում TRIPP նախագծի իրականացումից Հայաստանի համար տնտեսական ազդեցությունը կարող է սահմանափակ լինել։ Այդ մասին «Ուժի գործոն» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Գաբրիելյանի գնահատմամբ՝ TRIPP-ի գործարկումը պարտադիր չէ, որ հանգեցնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ մրցակցության։ Ընդհակառակը, այլընտրանքային երթուղու ի հայտ գալը կարող է նպաստել բեռնահոսքերի ավելացմանը։ «Դա չի նշանակում, որ մի երթուղին մրցելու է մյուսի հետ։ Իրականում փոխադրումների ծավալները կարող են աճել»,- նշել է նա։ Նախկին փոխվարչապետը պարզաբանել է, որ այլընտրանքային ուղիների առկայությունը բարձրացնում է բեռն ուղարկողների համար տրանսպորտային երթուղիների գրավչությունը։ Օրինակ՝ եթե ինչ-ինչ պատճառներով Երևանի միջոցով փոխադրումն անհնար լինի, բեռները կարող են ուղղվել Թբիլիսիով։ Նման ընտրության առկայությունը կարող է խթանել երթուղիների օգտագործումն ընդհանուր առմամբ։

Սակայն նույնիսկ բեռնահոսքերի էական աճի դեպքում նախագծի տնտեսական նշանակությունը Հայաստանի համար առաջին հերթին կախված կլինի նրանից, թե նոր տրանսպորտային ենթակառուցվածքի շրջանակում ինչ դեր կստանա երկիրը։

Գաբրիելյանն առանձնացրել է նախագծի զարգացման երկու սկզբունքորեն տարբեր սցենար։ Առաջինը ենթադրում է երթուղու ստեղծում, որը նա բնութագրել է որպես «Թուրանական միջանցք»։ Այդ դեպքում տրանսպորտային գիծը կանցնի Մեղրիով, ապա կշարունակվի դեպի Թուրքիա և այնուհետև դեպի Կարս՝ ապահովելով տարանցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Նախկին փոխվարչապետի գնահատմամբ՝ նման սցենարի դեպքում հենց Հայաստանի համար էական փոփոխություններ չեն լինի։ Չնայած երթուղին կանցնի նրա տարածքով, երկիրը զգալի լրացուցիչ առավելություններ չի ստանա, եթե նախագիծը չապահովի իր սեփական տրանսպորտային կապակցվածության լիարժեք զարգացումը։

Երկրորդ սցենարը կապված է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի հետ։ Այն ենթադրում է տրանսպորտային հաղորդակցությունների զարգացում այնպես, որ Հայաստանը ևս հնարավորություն ստանա օգտվելու նոր երթուղիներից, այդ թվում՝ Նախիջևանի միջոցով երկաթուղային հաղորդակցությունից։ Այս դեպքում առավելությունները կարող են զգալիորեն ավելի լայն լինել։ Խոսքը միայն ապրանքաշրջանառության աճի և տրանսպորտային ծախսերի կրճատման մասին չէ, այլև տարածաշրջանային և միջազգային շուկաներ հասանելիության ընդլայնման մասին։ «Եթե սա ոչ թե Թուրանական միջանցք է, այլ «Խաղաղության խաչմերուկ», ապա մեզ մոտ բարելավվում են ոչ միայն ապրանքափոխանակման և տրանսպորտային ծախսերի նվազեցման հնարավորությունները»,- նշել է Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ այլընտրանքային երթուղիների ի հայտ գալու ազդեցությունը կարող է տարածվել նաև Վրաստանի վրա։ Այժմ այն փաստացի ունի որոշ փոխադրումների ուղղությունների համար այլընտրանքների սահմանափակ ընտրանի, ինչը կարող է անդրադառնալ փոխադրման արժեքի վրա։ Նոր հաղորդակցությունների ի հայտ գալը կարող է ուժեղացնել մրցակցությունը և պայմաններ ստեղծել ծախսերի նվազեցման համար։

Ինչպես ընդգծել է Գաբրիելյանը, Հայաստանի համար նախընտրելի է, բնականաբար, այն սցենարը, որի դեպքում TRIPP-ը կդառնա տարածաշրջանային հաղորդակցությունների ավելի լայն համակարգի մաս, իսկ նախագծի առավելություններից կկարողանան օգտվել ոչ միայն երկրի հարավային շրջանները, այլև նրա հյուսիսային մարզերը։ Այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա զարգացնելու երկաթուղային հաղորդակցությունը դեպի Կասպից ծով, Կենտրոնական Ասիա և Չինաստան։ Մեկ այլ պոտենցիալ ուղղություն կլինի Իրանի միջոցով ելքը դեպի Բենդեր-Աբբաս նավահանգիստ՝ Պարսից ծոցի ափին։ Դա թույլ կտա ընդլայնել երկրի տրանսպորտային հնարավորությունները, նվազեցնել սահմանափակ թվով երթուղիներից կախվածությունը և ստեղծել լրացուցիչ պայմաններ արտաքին առևտրի համար։

Միևնույն ժամանակ Գաբրիելյանն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների հայտարարությունների վրա, որոնք ցույց են տալիս, որ այդ երկրների համար նախընտրելի տարբերակը ավելի մոտ է «Թուրանական միջանցքի» սցենարին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ նման գնահատականը չի նշանակում, թե կողմերից մեկի դիրքորոշումն ի սկզբանե ճիշտ է, իսկ մյուսինը՝ սխալ։ Սակայն ներկա փուլում, ելնելով դիտարկվող հռետորաբանությունից և իրավիճակի զարգացումից, նրա համար ավելի հավանական է թվում, որ նախագիծը կիրականացվի հենց այդ ձևաչափով։ Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական ակնկալիքները կարող են չհամընկնել այն բանի հետ, թե նախագիծը ինչպես կիրականացվի գործնականում։

Գաբրիելյանի կարծիքով գլխավոր հարցն այն է, թե արդյոք կհաջողվի ապահովել տրանսպորտային հաղորդակցության այնպիսի մոդել, որի դեպքում Հայաստանը ոչ միայն տարածք կտրամադրի տարանցման համար, այլև իրական տնտեսական առավելություններ կստանա՝ տրանսպորտային ծախսերի նվազեցում, արտահանման հնարավորությունների ընդլայնում և նոր շուկաներ հասանելիություն։ Հակառակ դեպքում նույնիսկ միջազգային փոխադրումների ծավալների աճը երկրի համար էական տնտեսական ազդեցություն չի երաշխավորի։