Կարգապահական վարույթի շրջանակներում արվել են գործողություններ, վարույթը ընթացքի մեջ է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ դահլիճում միջադեպից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 5-6 օգնականների արգելվել է մուտք գործել ԱԺ շենք։
«Բնականաբար, իրենց պետք է ուղարկվի բացատրություն ներկայացնելու գրություն, որը արվելու է կամ արդեն արվել է»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ իրենք ԱԺ մուտքի մոտ անակնկալ տեղեկացվել են, որ իրենց մուտքն արգելված է, Համբարյանն ասաց. «Անակնկալ չեն տեղեկացել, տեղեկացված են եղել նաև նրանց ղեկավար պատգամավորները նույն օրը։ Վարույթի ընթացքը բնականոն կգնա, բոլորը կներկայացնեն բացատրություն»։
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանական պատգամավորների օգնականներից ևս եղել են անձինք, որոնք այդ պահին փորձել են մտնել ԱԺ դահլիճ, կան տեսանյութեր, աշխատակազմի ղեկավարն ասաց. «Դրա համար է կարգապահական վարույթը, որպեսզի ուսումնասիրվեն բոլոր տեսանյութերը և ըստ այդում արվեն գործողություններ։ Այդ ամենը թող արվի, ըստ ընթացակարգի զեկուցվի և կլինեն համապատասխան որոշումներ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ–ում միջադեպ էր գրանցվել ՔՊ–ի և «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջև։ Այդ ընթացքում «Ուժեղ Հայաստան»–ի պատգամավորների օգնականները փորձել էին մտնել ԱԺ դահլիճ, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չէին տվել։











