Վերջին զանգի կապակցությամբ, այսօր` մայիսի 25-ին, ժամը 19:20-ի դրությամբ, Երեւանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 28 ավտոմեքենա, իսկ մարզերում` 25 ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքի պատասխանատու, ոստիկանության մայոր Մայիս Դավթյան:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ, հանրապետությունում Վերջին զանգի միջոցառման հետ կապված դժբախտ դեպքեր, ավտովթարներ չկան:

«Ինչպես գիտեք, մայիսի 25-ից հունիսի 3-ը Հայաստանի հանրապետությունում ՀՀ ոստիկանության պետի հրամանով անցկացվում է` «Զգուշացե’ք, երեխաներ են» անվտանգ երթեւեկության միջոցառումը: Տարբեր խախտումների համար ունենք վարորդներ, որոնք եղել են անչափահաս մինչեւ 16 տարեկան: Չափահաս վարորդներ ենք ունեցել, որ մեքենաների պատուհաններից կախված են եղել, խմբակային երթերի համար ենք տուգանային հրապարակ բերել: Բոլորը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք եւ համաձայն վարչական օրենսգրքի կենթարկվեն տուգանքի»,- մանրամասնեց Մայիսի Դավթյանը:

Ինչ վերաբերում է վարչական տույժի չափերին, ապա, եթե վարորդը չափահաս է, չունի վարորդական իրավունք, տուգանվում է 20 հազար դրամի չափով, իսկ մեքենայի տերը, ով ղեկը հանձնել է վարորդական իրավունք  չունեցողին` 10 հազար դրամի չափով:

Անչափահաս վարոդների նկատմամբ վարչական նյութերը կկազմվեն եւ կուղարկվեն հատուկ քննարկման: Նրանց վարչական տույժ նախատեսված չէ: