ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ «գործն» ամբողջությամբ քաղաքական է՝ կարված մեկ մարդու ցանկությամբ ու վրեժխնդրությունից ելնելով։ Այս մասին դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցությանբ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Այժմ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատախազության միջնորդությունը։

Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ պատգամավորը նշել է, որ հարցն ակնհայտորեն հռետորական է, քանի որ ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա Քննչական կոմիտեից ու դատախազությունից որևէ մեկը իրավական հիմնավորումներ չի լսել։

«Ասում են, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է ազդել քննության վրա։ Հիշեցնեմ, որ նրան կալանավորել են կառավարության որոշումները ստորագրելու համար։ Այն ժամանակվա Սահմանադրությամբ նա այլ կերպ վարվելու լիազորություն չուներ, իսկ Սահմանադրությունը հետո է փոխվել։ Քոչարյանն ինչպե՞ս կարող է ազդել քննության վրա, ի՞նչ պիտի անի։ Կառավարության որոշումներն արխիվում են, դրանք փաստեր են, և ոչ ոք չի հերքում։ Ինչ վերաբերում է Սեդրակ Քոչարյանին, ապա գործարքները կնքվել են 10-20 տարի առաջ և իրավաբանորեն անթերի են։ Հիմա քննությունը պնդում է, թե փոխանցումները ֆիկտիվ են եղել։ Վաղը ձեր ցանկացած փոխանցում իրենց քաղաքական հայեցողությամբ կարող են ֆիկտիվ անվանել։ Ես հիփոթեք եմ փակում, վաղը կարող են ասել՝ բնակարանը նվեր ես ստացել, իսկ վճարումները շինծու են»,- ընդգծել է Խամոյանը։

Նա հաստատել է, որ ո՛չ քաղաքական թիմակիցներին, ո՛չ էլ պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել Քոչարյանին։ Իսկ պահման պայմանները, ըստ Խամոյանի, չեն համապատասխանում կառավարության որոշմանը։

«Փաշինյանն անկեղծ ասաց, որ ոչ քաղաքական հետապնդման շրջանն ավարտվել է։ Բաց տեքստով ասում է, որ քաղաքական հետապնդումներ է իրականացնում»,- արձանագրել է պատգամավորը։

Պատասխանելով նոր Սահմանադրության վերաբերյալ հարցին՝ Խամոյանը վերահաստատել է խմբակցության դիրքորոշումը՝ նշելով, որ իշխանություններին չի հաջողվի համոզել իրենց, ինչի մասին բազմիցս ասվել է։ Հիշեցնելով Փաշինյանի այն պնդումները, թե եթե խորհրդարանական ընտրություններում «ՔՊ»-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, պատերազմ կլինի, Խամոյանը շեշտել է, որ վարչապետն իշխանությունը պահելու համար ցանկացած մանիպուլյացիայի կդիմի։ Ընդդիմության նկատմամբ ճնշումները պատգամավորը կապում է երկրի իշխանությունների առաջիկա զիջումների և դիմադրությունը չեզոքացնելու ձգտման հետ։