Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ ձախողել է ընտրություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատախազության միջնորդությունը։
Պատգամավորը հիշեցրել է, որ Փաշինյանի հիմնական նպատակը ձայների երկու երրորդը ստանալն էր, հակառակ դեպքում, նրա պնդմամբ, պատերազմ էր լինելու։ «Մարդիկ չտրվեցին դրան։ Նա նույնիսկ կեսը չհավաքեց․ նրա օգտին քվեարկել է ընտրողների կեսից էլ պակասը»,- նշել է Խաչատրյանը։ Հարցին, թե արդյոք իշխանություններին կհաջողվի որևէ կերպ համոզել դաշինքին՝ քվեարկելու իրենց առաջարկած Սահմանադրության տարբերակի օգտին, պատգամավորը կարճ պատասխանել է՝ «ոչ»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը, ինչի վկայությունն են այդ երկրի նախագահի և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի ղեկավարի վերջին ելույթները։
«Նիկոլ Փաշինյանը, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու փոխարեն, փորձում է ժողովրդին պարտադրել Ադրբեջանի ճնշումները՝ դա ներկայացնելով որպես միակ ելք»,- նկատել է Խաչատրյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ թեզերը գալիս են Բաքվից։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ապագայի հարցում Փաշինյանի և Ալիևի պատկերացումները գրեթե լիովին համընկնում են։
Անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը՝ Խաչատրյանը նշել է, որ դա շղթայական գնաճի կհանգեցնի, իսկ եթե ԵԱՏՄ անդամակցության հնարավոր դադարեցման հետևանքով Հայաստանը զրկվի նաև աշխատաշուկայից ու դրամական փոխանցումներից, ապա աղետալի պատկեր կստեղծվի։ «Ներմուծման և արտահանման մեր հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է։ Եթե Փաշինյանը տնտեսությունից հասկանար, 2018 թվականից ի վեր կփորձեր դիվերսիֆիկացնել այն։ Բայց հենց նրա օրոք է այդ կախվածությունն ավելի խորացել»,- արձանագրել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ Հայաստանը ԵՄ-ին հիմնականում ոչ թե ծիրան է վաճառում, այլ պղինձ, և քանի որ համաշխարհային շուկայում պղնձի գները կտրուկ աճել են, տպավորություն է ստեղծվում, թե արտահանումը չի կրճատվել։
Երկրորդ նախագահի կալանավորումը Խաչատրյանը որակել է որպես քաղաքական հետապնդում․ «Փաշինյանը ձգտում է բոլոր ընդդիմախոսներին զրկել ազատությունից։ Սա մաքուր քաղաքական հետապնդում է՝ անհասկանալի քրեական մեղադրանքների քողի տակ»,- նշել է նա։











