Այսօր առավոտյան նորից խուզարկություններ, ձերբակալություններ են եղել մարդկանց տներում, 10 հոգու տարել Երևան. ՔՊ–ում իրենց պարտությունից վախեցած են, քանի որ հասկանում են, որ «Ուժեղ Հայաստանը» բարձր վարկանիշ ունի Ստեփանավանում ու հարակից գյուղերում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «ՈՒժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ձերբակալվել է Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը և ևս 14 անձ։

«Մենք արդեն ծանոթ ենք Նիկոլ Փաշինյանի, ու ընդհանրապես ՔՊ-ականների այս քաղաքականությանը, հիմա էլ իրար հերթ չտալով ինչ-որ հոլովակներ են հրապարակում, գալիս են Ստեփանավան համայնք, սկսում են ինչ-որ բաների մասին խոսել։ Մենք ծանոթ ենք իրենց այս ձեռագրին, բայց «ուժեղ հայաստանցիները» կոտրվող չեն, մենք ցույց ենք տվել այս մի տարվա ընթացքում, որ մեր առաջնորդի պես կոտրվող չենք, մինչև վերջ գնալու ենք, որպեսզի տեղի ունենան փոփոխություններ ու ունենանք ուժեղ Ստեփանավան։

Այս պահին ունենք ձերբակալված 4 ավագանու անդամ, երկուսը տնային կալանքի մեջ են։ Մենք ամեն սցենարի էլ պատրաստ ենք, իրենք պետք է փորձեն ամեն ձև խոչընդոտեն, ինչ-որ տարբերակներ գտնեն, փորձեն ավագանու անդամներին ճնշեն, բայց մեր թիմը ուժեղ է։ Մենք մաքուր քարոզարշավ ենք իրականացրել, ընտրապայքար ենք իրականացրել, կարող են հարցնել բոլորին Ստեփանավան քաղաքում և հարակից բնակավայրերում։ Այդպես տեսահոլովակներ նկարելով չի էլի, դուրս եկեք մարդկանց հարցրեք, և նրանք հստակ կպատասխանեն, որ այդպիսի բան չի կարող լինել։ Մենք նույնպես ընտրակաշառքի դեմ ենք պայքարում։

Ասենք, մեր աջակիցները ուզում են գյուղական բնակավայրերից հասնեն, մասնակցեն մեր քարոզարշավին, ինչ-որ մի ձևով իրենց փոխադրումը պիտի կազմակերպենք։ Կամ, մարդիկ սուրճ են խմում, կենցաղային ծախսեր կան, հոգսեր կան հոգալու»,–ասաց նա։

Նշենք, որ Ստեփանավանում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 25–ին։

Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ, որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։