ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում դաշնային ներգաղթային մարմինների գործողություններն ու ձերբակալությունների մասին հաղորդումները մտահոգություն են առաջացրել նաև հայ համայնքում։ Սոցիալական ցանցերում հայերեն գրառումներով տեսանյութեր են տարածվում, որոնցում հայերը միմյանց հորդորում են այս օրերին զգույշ և ուշադիր լինել։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայում իրականացվում է ներգաղթային վերահսկողության գործողություն՝ «Operation Safe California» անվամբ, որի շրջանակում գործակալները փնտրում են ներգաղթային կարգավիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց։
ԱՄՆ-ից մեր զրուցակցի փոխանցմամբ՝ վերջին օրերին Գլենդելում ձերբակալություններ են իրականացվել փողոցներում, մեքենաները կանգնեցնելու ընթացքում և բազմաբնակարան շենքերում։
«Ձերբակալվածների թվում եղել է նաև հայ ընտանիք, որի անդամները քրեական անցյալ չեն ունեցել։ Կան նաև դեպքեր, երբ ձերբակալում են խախտումներ չկատարած անձին առանց որևէ պատճառաբանության։ Ձերբակալությունների հստակ թիվ հայտնի չէ»,- նշեց նա։
Մեր աղբյուրի հաղորդմամբ գործողությունների թիրախում կարող են հայտնվել նաև քրեական անցյալ չունեցող անձինք, եթե նրանց ներգաղթային կարգավիճակի հետ կապված խնդիրներ կան։ Խոսքը, մասնավորապես, վիզայի ժամկետը լրացած կամ արտաքսման վերջնական որոշում ունեցող անձանց մասին է։
«Միաժամանակ, գրին քարտի կամ ապաստանի դիմումի ընթացքն ինքնին չի նշանակում, որ անձը պարտադիր ձերբակալվելու կամ արտաքսվելու է։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածների ազատ արձակման հնարավորությունը կախված է նրանց ներգաղթային կարգավիճակից և գործի հանգամանքներից»,- հավելեց նա։
NEWS.am-ի զրուցակիցը ընգծեց, որ որոշ դեպքերում հնարավոր է ազատ արձակվել գրավի դիմաց, սակայն կան նաև դեպքեր, երբ մարդիկ մնում են ներգաղթային կալանքի տակ՝ մինչև իրենց գործերի քննության ավարտը։ Երեխաներին և ծերերին չեն ձերբակալում, իսկ կանանց դեպքում մեծ մասամբ ոտքին էլեկտրոնային հսկողության սարք է ամրացվում։
Գլենդելի քաղաքապետարանը հայտարարել է, որ քաղաքային ոստիկանությունը չի մասնակցում ներգաղթի մասին դաշնային քաղաքացիական օրենքների կիրառմանը և իրավասու չէ միջամտելու դաշնային մարմինների օրինական գործողություններին։ Միաժամանակ քաղաքային իշխանությունները վերահաստատել են համայնքի բոլոր անդամների իրավունքները պաշտպանելու իրենց հանձնառությունը՝ անկախ ներգաղթային կարգավիճակից։











