Հանրապետության վարչապետը նկատի ունենալով նաև լրատվամիջոցներում առկա տեղեկատվությունը, տարբեր գրառումներ, որպես քաղաքական թիմի ղեկավար և որպես վարչապետ, ներկայացրել է իր դիրքորոշումը հարցի հետ կապված և տվել է համապատասխան խողովակի հնարավորություն, այդ թվում անձամբ իրեն ներկայացնելու համապատասխան դրվագը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի դիտարկմանը, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ընտրախախտումների հետ կապված թող մեյլով իրեն այդ մասին տեղեկացնեն, արդյոք դա չի նշանակում, որ իրավապահ համակարգը թերացել է, որ մեյլով պետք է վարչապետին տեղեկացնել խախտումների մասին։

«Տրամաբանական է, որ եթե այդպիսի հաղորդագրություն գնար վարչապետին, դրանք հասցեագրվելու էին իրավապահ համակարգին և գնալու էին առաջ։ Պիտի փաստեմ, որ կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների շրջանակներում մենք ունեցել ենք 54 ահազանգ, որոնք ստուգվել են, դրանցից 10-ն են այս պահին դարձել հաղորդում՝ հիմնականում քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու մասով է։ Մի ընտրակաշառքի դրվագ ունենք, որը բնականաբար պիտի ենթարկվի ստուգման, որովհետև քաղաքացու ահազանգ է, այլ ոչ օպերատիվ աշխատանքի արդյունք։

Մենք նաև լրատվամիջոցների հաղորդագրությունն ենք մոնիտորինգի տակ պահում, եթե օրինակ վարչական պատասխանատվության դրվագ կա կամ քրեական պատասխանատվության դրվագ կա, դրանք ևս դիտարկում ենք և գնալու ենք առաջ։

Ահազանգեր եղել են թե՛ քաղաքացիներից, թե՛ ընդիմությունից, թե՛ իշխանական թևից, թե՛ նաև զանգվածային լրատվության միջոցներից, դիտորդներց և վստահված անձանցից։ Մեզ համար տարբերություն չկա՝ ով է ներկայացնում ահազանգը, եթե կա դրվագ, դա պիտի անպայման ստուգվի»,–ասաց նա։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը իրեն ուղղված մելյերից որևէ մեկը ձեզ ուղարկե՞լ է, ՆԳ նախարարը պատասխանեց, որ այդպիսի մեկ ահազանգ են ստացել. «Հաղորդում այս պահի դրությամբ որպես այդպիսին առանձին չունենք, ունենք մի ահազանգ, որը ստուգման ենք ենթարկել, քննչական մարմինների հետ համապատասխան ընթացակարգ ենք նախաձեռնել, կստուգենք, եթե կարիքը լինի հանրայնացնելու, կհանրայնացնենք»։