Մինչ ամբողջ աշխարհում դեռ միայն փորձում են իդեալական ռոբոտներ ստեղծել, Չինաստանում նրանց արդեն դպրոց են ուղարկում։ Հանչժոուում Չժեցզյան համալսարանի ռոբոտատեխնիկայի ինստիտուտի (CHIEF) բազայի վրա գործում է երկրի առաջին մասնագիտացված կենտրոնը, որտեղ մարդանման ռոբոտներն ու չորքոտանի ռոբոտաշները հատուկ ուսուցում են անցնում, քննություններ հանձնում և որակավորման վկայականներ ստանում՝ աշխատանքի անցնելուց առաջ։

NEWS.am-ի թղթակիցը եղել է այս յուրահատուկ ուսումնական կենտրոնում և անձամբ շփվել է ապագայի ռոբոտների հետ։

Այստեղ տեխնոլոգիաները զարմացնում են ամեն քայլափոխի։ Օրինակ՝ խելացի ռոբոտ-ուղեցույցը հեշտությամբ պատասխանում է ցանկացած հարցի և ազատ տիրապետում է ինը լեզվի (թեև, ցավոք, նրա բազայում առայժմ հայերենը չկա)։

Կենտրոնի գլխավոր տեսարժան վայրերից մեկը դարձել է Հանչժոուի հայտնի «Հէսյուան» ռոբոտների երաժշտական խումբը (Hexuan Robot Band), որի անդամները կարողանում են նվագել տարբեր երաժշտական գործիքներով։ Ճիշտ է, անսամբլին հաջողվեց հանդիպել ոչ ամբողջ կազմով․ ռոբոտ-երաժիշտների մի մասը մեկնել էր հյուրախաղերի։

Վիրտուոզ երաժիշտներից և ճարպիկ ռոբոտաշներից բացի, այստեղ ներկայացված են նաև այլ հետաքրքիր մշակումներ՝ սկսած ռոբոտներից, որոնք կարող են ձեզ պրոֆեսիոնալ մերսում անել, մինչև խրթին մեքենաներ, որոնք յուրացնում են նոր մասնագիտություններ։ Դա իսկական ճանապարհորդություն է դեպի ապագա, որն այստեղ արդեն իրականություն է դարձել։

Դիանա Առուշանյան, Հանչժոու