Հասարակության բոլոր շերտերի, առավել ևս այն մարդկանց ընտանիքների համար, որոնք ինչ-որ առումով տուժել են հոկտեմբերի 27-ի արդյունքում, մինչև հիմա հարցը բաց է մնում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Հետևողական պետք է հասնել վերջնանպատակին, հասկանալ մոտիվները և հասկանալ, թե ինչու այդպես եղավ։
Ութ տարվա ընթացքում հնարավոր էր ապահովել արդարացի քննություն և հասնել արդյունքի։ Ես նաև դեմ եմ հոկտեմբերի 27-ի ոճրագործության քաղաքական շահարկմանը, բայց իհարկե մենք ունենք սկզբունքային դիրքորոշում, որ պետք է հասկանանք՝ ով է և ինչպես է դա եղել»,–ասաց նա։
Հարցին՝ ինքը ևս կարծում է, որ գործը բացահայտված չէ՞, Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հարցերը շատ են, այո։ Այդ հարցերի հասցեատերը քննչական պատասխանատու մարմիններն են, որոնք ընդհանրապես ամբողջ պրոցեսի հետ կապված քննություն են վարել։ Դուք էլ գիտեք, որ իմ հայրը այն ժամանակ Ազգային ժողովի շենքում է եղել և շատ էլի ընտանիքներ կան, ում համար հարց է, պետք է հասկանանք»։
Նարեկ Կարապետյանը կարևոր համարեց պառակտման խոսույթի և ատելության խոսքի վերացումը. «Դա է սնուցում բոլոր կողմերի արմատականներին։ Երբ որ տարիներով սնում են ատելությունը, դա բերում է վատ հետևանքների։
Այս դեպքի քաղաքական շահարկումը ընդունելի չեմ համարում։ Ոճրագործության բացահայտումը արդեն ցույց կտա, թե ով է, ինչ է, ինչպես է եղել, և միայն դրանից հետո տրվի ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական գնահատական, այլ ոչ թե օգտագործվի»
Նարեկ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ եթե չլիներ Հոկտեմբերի 27–ի ոճրագործությունը, Հայաստանը մեծ հնարավորություններ ուներ մրցակցային երկիր լինել տարածաշրջանում նաև ռազմական առումով, և մենք չէինք ունենա այն, ինչ այսօր ունենք»։
Նշենք, որ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին։











