Հայաստանի Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտեի, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտեի։ Այս մասին հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։
Որոշման համաձայն՝ երկու կոմիտեներն էլ դուրս կբերվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից ու կանցնեն ուղիղ Կառավարության ենթակայության տակ։
Պետգույքի կառավարման կոմիտեի անվանափոխությունը, փոխնախարարի խոսքով, պայմանավորված է պետական բաժնետոմսերի հաշվառման, գույքագրման, մասնավորեցման, վարձակալության և կառավարման գործընթացների բարելավմամբ։ Իսկ Ջրային կոմիտեի նոր անվանումը, ըստ Կառավարության, կարտացոլի հողային ու ջրային ռեսուրսների կառավարման համալիր մոտեցումը։
Պաշտոնյայի խոսքով՝ Կառավարության 2026-2031 թթ. ծրագրում ջրային ենթակառուցվածքների, ջրային ոլորտի զարգացման և մյուս բոլոր ուղղություններով (խմելու ջուր, ոռոգում, մաքրման կայաններ) խոշոր առաջնահերթություններ են սահմանված։ Կան գործառույթներ, որոնք այս պահին իրականացնում է Ջրային կոմիտեն, իսկ մի մասն էլ Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է։ Մասնավորապես՝ հողերի մշտադիտարկմանն ու արդյունավետ կառավարմանն առնչվող հարցերը գտնվում են Էկոնոմիկայի նախարարության իրավասության տակ։
Այս առնչությամբ «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դիմելով Ավետիսյանին՝ նշել է. «Գյուղատնտեսական հողերի ոռոգման համակարգերի հետ կապված լուրջ խնդիրներ կան, բայց ամենամեծ հարցն այն է, որ այս ողջ գործընթացը միավորվի մեկ գերատեսչության՝ Գյուղատնտեսության նախարարության հովանու ներքո, քանի որ մեր բնակչության զգալի մասն ապրում է գյուղական վայրերում»։
Այնուհետև նա հետաքրքրվել է՝ արդյոք սպասվո՞ւմ են փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանում վերջապես կունենանք Գյուղատնտեսության նախարարություն, թե՞ այն պարզապես կմիավորվի ամենափոքր բյուջեն ունեցող նախարարություններից մեկի հետ։ Պատգամավորն ընդգծել է, որ Գյուղնախարարության ստեղծումը կնպաստի գյուղատնտեսական հողերի խոշորացմանը, դրանց կառավարման բարելավմանն ու ոլորտի բարեփոխումներին։
«Կառավարության դիրքորոշումն այն է, որ գյուղատնտեսությունն ինքնին տնտեսական գործունեություն է։ Հետևաբար այն պետք է գնահատել, իսկ ոլորտի քաղաքականությունը մշակել հենց տնտեսական գործունեության տեսանկյունից»,— պարզաբանել է փոխնախարարը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ոչ մի փոփոխություն չի նախատեսվում։
Ի պատասխան Կարապետյանն առարկել է. «Կարծում եմ՝ հենց այս մոտեցումն է մեր երկրում գյուղատնտեսության կտրուկ անկման պատճառը։ Մենք տվյալներ ունենք ցուցանիշների մինչև 10 տոկոս անկման մասին։ Իսկ մոտեցման փոփոխությունը, որն օր առաջ պետք է անել, թույլ կտա վերահսկելի դարձնել այդ անկումը»։
Նա հորդորել է վերականգնել նախարարությունն ու հայտարարել, որ արդյունքները տեսանելի կդառնան արդեն մեկ-երկու տարուց։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի խոսքով՝ այսօր ֆերմերները ահռելի վնասներ են կրում. «Ոռոգումն ընդամենը խնդիրներից մեկն է, իսկ գյուղմթերքի իրացումը՝ բոլորովին այլ հարց։ Ընդ որում՝ չկա մի գերատեսչություն, որը կհամակարգեր այս բոլոր խնդիրների լուծումը»։











