Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հույս ունի, որ ԵԱՏՄ գործընկերները բարեխիղճ մոտեցում կցուցաբերեն։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 27-ին նիդերլանդացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ վերջին զեկույցի մասին հարցին։

Նախարարն արձանագրել է, որ փաստաթուղթը բավականին ծավալուն է, իսկ անդամակցության հնարավոր կասեցման նշված հիմքերի հետ ինքը համաձայն չէ։ Նրա խոսքով՝ թեև գործընկերներն ասում են, որ կազմակերպությունից հեռացնելը կամ անդամակցության սառեցումը ԵԱՏՄ փաստաթղթերով նախատեսված չէ, սակայն Վիեննայի կոնվենցիայով դա հնարավոր է։

«Այո, այդպիսի բան կա, բայց շատ սպեցիֆիկ անկյան տակ։ Պետք է, որ այն գործընկերը, որից դժգոհ են, խախտած լինի պայմանավորվածությունները կամ կազմակերպության շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, որպեսզի ասեն՝ դու խախտել ես, շնորհակալություն, ցտեսություն։ Ինչպես տեսնում եք, Հայաստանը ոչինչ չի խախտել և չի էլ պատրաստվում»,— հայտարարել է Միրզոյանը։

ԱԳՄԱ նախարարը նկատել է, որ գործընկերները ջանք չեն խնայել իրավական հիմքեր գտնելու համար, որոնց հետ ինքը համաձայն չէ։ «Սակայն հարցից խուսափել ևս չեմ ցանկանում»,— շարունակել է Միրզոյանը՝ անդրադառնալով խնդրի քաղաքական կողմին։ «Քաղաքական մասով ասեմ՝ մենք բարեխղճորեն կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները և հույս ունենք, որ գործընկերները՝ թե՛ կազմակերպության շրջանակում, թե՛ երկկողմ ձևաչափով, նույնքան բարեխղճորեն կկատարեն իրենց պարտավորությունները, թեև, ցավոք, վերջին ամիսներին տեսնում ենք հակառակը»,— հայտարարել է նախարարը։

ԱԳՄԱ նախարարը նշել է, որ ինչպես էլ զարգանան իրադարձությունները Հայաստանի դիրքորոշման և որոշումների հիմքում լինելու են պետականությունը, սեփական շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը. դրանք սակարկման առարկա չեն կարող դառնալ։ Նախարարը վստահեցրել է, որ Երևանը ձգտում է երկխոսության, բայց, կրկնել է, որ որոշումների առանցքում մեր պետականությունն է։

Նշենք, որ ԵԱՏՄ պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ երկիրը կարող է լքել կառույցը միայն սեփական նախաձեռնությամբ, ինչի համար պահանջվում է մնացած բոլոր անդամների համաձայնությունը։ Իսկ պետությանն իր կամքին հակառակ միությունից հեռացնելու որևէ այլ տարբերակ փաստաթուղթը չի նախատեսում։