ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, նախկին գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մելքոնյանը այսօր՝ հոկտեմբերի 27–ին միասին այցելել են Եռաբլուր պանթեոն։
Նրանք ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։
Նշենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցը: 1999 թվականի այս օրը զինված հանցագործների մի խումբ ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների:
Ահաբեկչությանը զոհ գնացին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, հիմնականում՝ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները ազատ են արձակել։ Վիրավորում ստացած պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։
Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին հրապարակեց գործով դատավճիռը: Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների նկատմամբ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ 1-ը՝ 14 տարվա ազատազրկման:
«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:
Հիշեցնենք՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է 2018–ից հետո ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա:
Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 2009 թվականին Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953 թ.) քանդակը:











