Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը լիարժեք չի բացահայտվել։ Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ, խորհրդարանի նախկին փոխնախագահ և «Երկրապահ» կամավորական միության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։
«Շատ կասկածներ կան առ այն, թե ով է եղել կազմակերպիչը, արդյոք եղել են կազմակերպիչներ, թե ոչ։ Տեսակետներ կային, թե իբր նրանք գործել են ինքնուրույն, սակայն տրամաբանությունը հուշում է, որ ոճրագործությունը նախապես ծրագրված և լավ կազմակերպված է եղել, իսկ ԱԺ-ի շենքում նրանք ունեցել են հանցակիցներ։ Այդ հանցագործությունը տասնյակ տարիներով հետ շպրտեց երկրի զարգացումը։ Իմ գնահատմամբ՝ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, եթե ողջ լինեին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանն ու մյուս պետական գործիչները, ապա 44-օրյա պատերազմը չէր լինի, իսկ եթե նույնիսկ լիներ, մենք չէինք պարտվի. Արցախը կմնար հայկական, Հայաստանն ու Արցախը կմիավորվեին՝ կազմելով ավելի քան 42 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի տարածքը 29 743 քկմ է, և կրում է համապատասխան կրծքանշան։ Նիկոլն այնքան տգետ է, որ չգիտի՝ 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 800 քկմ էր, իսկ առաջին պատերազմում հաղթանակից հետո Հայաստանի և Արցախի ընդհանուր մակերեսը կազմում էր ավելի քան 42 հազար քկմ։ Ահա այսպիսի իրավիճակ է Փաշինյանը ժառանգել նախորդներից։ Ես չեմ արդարացնում «նախկիններին», բայց Նիկոլն իշխանության եկավ՝ խոստանալով արդարադատություն, Արցախի հարցի հայանպաստ լուծում, սակայն ընդամենը 2 տարի անց գնաց Արցախ և միտումնավոր սրեց իրավիճակը՝ այնտեղ հայտարարելով. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Հիմա նրանք «Արցախ» բառը չեն արտասանում. Արցախը նրանց համար գոյություն չունի, Արցախը նրանց համար «Ղարաբաղ» է և Ադրբեջանի մի մասը։ Նիկոլն այնքան անգրագետ է, որ տեղյակ չէ Արցախի հազարամյա հայկական պատմությունից, այնինչ այն եղել է Հայաստանի ամենահզոր նահանգներից մեկը»,- հայտարարել է Բազեյանը։
Նա կոչ արեց համաքաղաքացիներին համախմբվել և դիմադրել թուրքամետ իշխանություններին, որոնք հունիսի 7-ի ընտրություններում խաբեությամբ են ստացել ձայների մեծամասնությունը։











