Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Երևանի Շիրակի փողոցում, գիշերը ժամը 1-2–ի սահմաններում։
Սպանվածը մոտ 45 տարեկան տղամարդ է, անունը Ղռոյան Ռուդիկ։ Բնակիչները NEWS.am–ի հետ զրույցում նշեցին, որ նա բնակվում էր Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքում և այստեղ եկել էր դստերը տեսնելու։ Գիշերը նրան դուրս են կանչել իր կնոջ քրոջ որդիները, ամուսինը և տղաների երկու ընկերները և դաժան ծեծի ենթարկել սկզբում բակում, այնուհետև, ինչպես բնակիչներն են նշում, ծեծը շարունակվել է վագոն տնակում։
Բնակիչները անմիջապես ահազանգել են ոստիկանություն և շտապօգնություն, այդ ընթացքում ծեծի մասնակիցները տղամարդուն տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված, որտեղից էլ շտապօգնության խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Տղամարդը գիտակցության չգալով մահացել է։
Հարևաններից մեկը NEWS.am—ին պատմեց. «Խելոք տղուն կանչել են ու անկապ տեղը փեսային ծեծ ու ջարդ են արել, այնքան են ծեծել դուռը փակել են, այդ մարդուն սպանել են։ Դրել էին կաշկի մեջ, հանել շպրտել էին փողոց։ Շտապօգնություն կանչեցինք, որ գա տանի։ Մինչև շտապօգնությունը հասցրել է հիվանդանոցը, մահացել է»։
Նա ցույց տվեց այն հատվածը, որտեղ բերել, թողել են ծեծված տղամարդուն և պատի վրայի արյունը. «Կաշկի մեջը դրեցին, բերեցին շպրտեցին այստեղ։ Իրեն այնքան էին ծեծել, մարդը չէր կարողանում խոսել։
Ինքն այստեղ չի ապրում, ապրում է Թալինի Արագած գյուղում։ Կինը թոռան հետ այստեղ է ապրում։ Իր աղջիկը Սովետաշենի հիվանդանոցում պառկած է, ինքը եկել էր գյուղ, որ գնար աղջկան տեսնելու։ Կնոջը վերցրել է, գնացել են աղջկան տեսնելու։ Հետո տեսել են, եկել են տուն, հաց էր սարքել, որ նստեին ուտեին, արդեն ուշ ժամ էր, բոլորս պառկել ենք քնելու։
Քնած տեղից եկել կանչել են, ասել են՝ արի կոֆե խմի։ Մենք քնած ենք եղել, հետո թխկոց եկավ, էն երեխեն էլ հետը ելավ, գնաց, տեսնենք՝ դուռը փակել են, այդ մարդուն գցել են գետինը, դուբինկով, թե փետով, թե ինչով ծեծի են ենթարկել։
Ես չեմ հասկանում այդ մարդուց ինչ են ուզել։ Այնքան էին ծեծել, այդ մարդը ոչ կարող էր էլ խոսել, ոչ կարող էր քայլել։ Մտանք, որ օգնենք, օգնություն կանչենք։ Այնտեղից հանել էին, ոտից քաշ տալով բերել, շպրտել էին այդտեղ»,–ասաց հարևանուհին։
Նրա խոսքով, սպանվածը մեկ աղջիկ ունի այստեղ, իսկ երկրորդ կնոջից էլ 4 երեխա ունի. ««Ինքը վաղուց այստեղ չէր գալիս, հետո եկել էր, իրար հետ բարիշել էին, ուզում էր աղջկա հետ հարմարվեր, այստեղ մնար»,–ասաց նա։
Սպանվածի կինը՝ Արմինե Մանուկյանն իր հերթին NEWS.am—ի հետ զրույցում նշեց. «Ամուիսնս քնած է եղել, եկել դուռը ծեծել են, ամուսնուս վերցրել, տարել են։ Քրոջս երեխեքն են եղել, անուններն էլ կարամ տամ. Հովոն է եղել, Նարեկը, Արամը, մի հատ էլ տղա Մայիսը, Սաքոն։ Ինձ էլ ա խփել, քցել էին գետին։ Դուռը փակել է, մարդուս վերցրել են, բերել են էստեղ։ Տան մեջ արյունլվիկ են արել, հետո կաշկով բերել, գցել են էստեղ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











