Բարի գալուստ Սյունան՝ ժամանակակից Չինաստանի ամենահավակնոտ քաղաքաշինական նախագծերից մեկը։ Քաղաքը կառուցվում է զրոյից՝ ամայացած տարածքների և ջրա-ճահճային հողատարածքների տեղում, և մարմնավորում է ապագայի «խելացի քաղաքի» հայեցակարգը, որտեղ թվային տեխնոլոգիաներն ու բնությունը ներդաշնակորեն բգոյակցում են։ NEWS.am-ի թղթակիցը եղել է այդ խելացի քաղաքում։
Նախագծին ծանոթությունը սկսվում է Xiong’an Impression Exhibition Center ցուցասրահում։ Հսկայական ինտերակտիվ մակետներն ու մուլտիմեդիական ցուցադրությունները մանրամասն ներկայացնում են քաղաքի գլխավոր հատակագիծն ու զարգացման ռազմավարությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում էկոլոգիային և ջրային ռեսուրսների կառավարմանը, այդ թվում՝ Nanhe Water Conservancy Hub հիդրոհանգույցին, որը պահպանում է ամբողջ տարածաշրջանի էկոլոգիական հավասարակշռությունն ու կայուն միջավայրը։
Տարածքի զարգացման մասշտաբների մասին է խոսում նաև Xiong’an Sports Center մարզական կենտրոնը։ Այդ ժամանակակից համալիրը տպավորում է իր ճարտարապետությամբ և գոտիների բազմազանությամբ․ մարզումներից բացի, այստեղ կարելի է ստուգել դիպուկությունը ինտերակտիվ ատրակցիոններում, հրաձգարանում և նետաձգության ընթացքում։
Մշակույթի և կրթության ոլորտում նորարարությունների վառ օրինակ է Xiong’an Library գրադարանը։ Դա լիովին ավտոմատացված ինտելեկտուալ կենտրոն է, որտեղ փոխվում է բուն տեղեկատվության հետ աշխատանքի մոտեցումը։ Շենքում տեղադրված են խելացի տերմինալներ՝ գրքերի ավտոմատ տրամադրման և ընդունման համար, կան նաև երեխաների համար զարգացնող խաղերով գոտիներ։ Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում ռոբոտ-օգնականը․ այն կենդանի երկխոսություն է վարում և իր գիտելիքներով զարմացնում հյուրերին, օրինակ՝ կարող է զրույց վարել և փաստեր պատմել Հայաստանի մասին։
Քաղաքին ծանոթության գագաթնակետը Xiong’an New Area Smart City Science and Innovation Center-ն է։ Դա Սյունանի տեխնոլոգիական սիրտն է, որտեղ հավաքված են վերջին սերնդի ռոբոտներ, ինտելեկտուալ անօդաչու տրանսպորտ և թվային կառավարման առաջատար հարթակներ։ Սյունանը տեսանելիորեն ցույց է տալիս, որ ապագայի քաղաքային միջավայրն արդեն այսօր իրականություն է դառնում։
Դիանա Առուշանյան, Սյունան











