Հանչժոուի Ցինշանհու ջրային անտառը սոցցանցերում ստացել է «Մատչա լիճ» մականունը՝ ջրի մակերեսն ամբողջությամբ ծածկող վառ կանաչ ջրոսպի շնորհիվ։ NEWS.am-ի թղթակիցն այցելել է այս գեղատեսիլ վայրը և պարզել, թե ինչով է այն գրավում ճանապարհորդներին ողջ աշխարհից։
Զբոսայգու գլխավոր առանձնահատկությունն անմիջապես ջրի միջից աճող հազարավոր բարձրաբերձ ճահճային նոճիներն են։ Զբոսաշրջիկներն այստեղ են գալիս՝ ափի երկայնքով կառուցված փայտե կամրջակներով զբոսնելու կամ կայակ վարձակալելու և անմիջապես ծառերի արանքով նավարկելու համար։
Ամռանը ջուրը ստանում է ամենահագեցած վառ կանաչ գույնը, իսկ աշնանը նոճիների փշատերևները ներկվում են բոսորագույն ու ոսկեգույն երանգներով՝ ապշեցուցիչ հակադրություն ստեղծելով ջրի վրայի զմրուխտե գորգի հետ։ Բացի այդ, աշխատանքային օրերին վաղ առավոտյան այգի այցելելիս կարելի է հանդիպել տեղի բծավոր եղջերուներին։
Այնտեղ կարելի է հասնել մետրոյի 16-րդ գծով՝ իջնելով Qingshanhu (青山湖) կայարանում, որից հետո նստել տաքսի կամ ավտոբուս։ Նավիգատորում կարելի է նաև նշել 青山湖水上森林 (Lin'an District, Hangzhou) կետն ու անմիջապես տաքսի պատվիրել դեպի այգի։
Դիանա Առուշանյան, Հանչժոու











