Ասում են, թե մեր ընտանիքն իր մեջ բռնության մշակույթ է կրում։ Չկա այնպիսի հասարակություն, որտեղ բռնություն, այդ թվում՝ ընտանեկան բռնություն չլինի։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստում՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Դա անթույլատրելի է, սակայն մեր ընտանեկան մոդելն ամենևին էլ բռնություն չի ենթադրում։ Խոսքն ընդամենը առանձին դեպքերի մասին է»,- ասել է պատգամավորը։

Նա, մասնավորապես, ընդգծել է, որ ընտանեկան բռնությունը համակարգային բնույթ չի կրում։

«Թույլ չենք տալու մեր ընտանեկան մոդելը ներկայացնել որպես բռնության մոդել։ Դա այդպես չէ»,- շեշտել է խորհրդարանականը։

Նա նաև դիմել է կանանց.

«Երբեք մի՛ հանդուրժեք ձեր նկատմամբ կիրառվող բռնությունը։ Եթե մտածում եք կատարվածը հասարակությունից թաքցնելը շարունակելու և ամեն ինչ գաղտնի պահելու մասին, ապա ես ձեզ կարող եմ միայն խորհուրդ տալ՝ չանել դա։ Պետք չէ։ Հակառակ դեպքում, երբ ձեր նկատմամբ բռնություն գործադրեն, հասարակությունն անտարբեր կմնա։ Եթե դուք դա անում եք հանուն երեխաների… ձեր երեխաները պետք է պաշտպանված լինեն»։