Ես չգիտեմ ով է ձեր ֆեյսբուքյան էջը կառավարում, կամ եթե դուք եք կառավարում Խնդրում եմ արձագանքեք, դուք մի լուսանկար եք հրապարակել, որը ընդհանրապես նավթավերամշակման գործարանի հետ կապ չուներ և գրել եք, որ այ եթե ՀՀ իշխանությունները այդպես խելք ունենային, մի նավթավերամշակման գործարան կբացեին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։
«Ձեր լուսանկարում պատկերված է նավթավերամշակման գործարան չի, ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց նավթավերամշակման գործարանը դա կանիստրները չեն, որ դուք լուսանկարում դրել եք։ Ձեր լուսանկարում ադրբեջանական SOCAR–ի նավթային պահեստներն են։ Ես մեկնաբանության մեջ դրել եմ Հայաստանի Հանրապետությունում մեր ժամանակ կառուցված նավթավերամշակման գործարանը, որը այս պահին արդեն իսկ սկսել է իր աշխատանքները և ձեզ հարցադրում էի արել՝ արդյոք տեղյակ եք, պարոն Կարապետյան, սա ինչ գործարան է, այդ որ խելացի իշխանության ժամանակ է կառուցվել։
Սուրենավանում է այդ գործարանը, որը ևս արտադրում է ձեր ասած բիտումը։ Սուրենավանի գործարանն իր տեսակի մեջ, տարածաշրջանում ամենամեծերից է։ Ավելին ասեմ, այդ ձեր մատնանշած գործարանը ռուսական նավթի պատճառով, չասեմ սանկցիաների, բայց դժվարությունների է հանդիպել այս տարվանից սկսած։ Եվ մեր գործարանը, որը կառուցվել է, արդեն իսկ ոչ միայն կարող է ամբողջ Հայաստանի բիտումը ծավալը սպասարկել, այլ նաև արտահանում ունենալ Վրաստան»,–ասաց Գաբրիելյանը։
Նարեկ Կարապետյանն արձագանքեց. «Կուլևի նավթավերամշակման գործարանը, դա Վրաստանի նոր բացված նավթավերամշակման գործարանն է, որտեղ կրեյկինգ են անում հում նավթից: Իմ հրապարակած նկարը, դա նավթային բազայի նկար էր։
Այդ նավթավերամշակման գործարանի արդյունքում այսօր Լիբիայից, ոչ թե Ռուսաստանից, Վրաստանը ներմուծում է նավթ, Սաուդյան Արաբիայից ներմուծում է նավթ և իր առևտրային պրոֆիցիտը շեշտակի լավացրել է, 100-ավոր միլիոնների։
Դուք նշեցիք Սուրենավանի բիտումի գործարանը, որ մազութ են բերում, բիտում են ստանում։ Դա, գիտեք, ոնց որ նավթավերամշակման գործարանը համեմատենք բիտումի գործարանի հետ»։
Սիսակ Գաբրեիլյանն էլ նշեց. «Եթե այլ մարդ ասեր, կհասկանայի, բայց օրինակ փիղ ցույց տալ և ասել՝ սա հինգշաբթի է... դա դուք եք արել։ SOCAR—ի նավթի կանիստրները ցույց եք տվել, ասում եք՝ այ վրացիները այնքան խելացի են, որ կառուցել են այսպիսի գործարան։ Այդ գործարանը, եթե Google Maps-ով նայենք, 25 կմ հեռու է, լրիվ այլ տեղ է գտնվում, լրիվ այլ գործարան է, որը չգիտեմ ինչ է արտադրում։
Սուրենավանում միայն բիտում չի արտադրվում, դուք նույնիսկ տեղը չգիտեք։ Փոխանակ ասեք՝ լավ, ընդունում եմ, չեմ իմացել, հիմա էլ ասում եք՝ այնտեղ մենակ բիտում են արտադրում։ Դուք ի՞նչ գիտեք, դուք անգամ տեղը չգիտեք որտեղ է։ Ես առաջարկում եմ միասին գնանք և տեսնենք ինչ են արտադրում։
Եթե ուզում եք կառուցել, սիրով եկեք կառուցեք, մենք էլ աջակցություն կտանք առավոտյան կողմից»։











