Այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ընթանում է Փարաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։

Այսօր հարցաքննվեց գործով մեղադրյալ 31-ամյա Նարեկ Օհանյանը։

Նշենք, որ սպանությունից ամիսներ առաջ՝ 2025 թվականի փետրվարին, Մերձավանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվել էր Նարեկ Օհանյանի եղբայրը՝ Գրիգոր Օհանյանը: Այդ սպանության գործով որպես մեղադրյալ կալանավորվել էր հենց Վալոդյա Գրիգորյանի եղբայրը:

Նա նշեց, որ ինքը որևէ առնչություն Վալոդյա Գրիգորյանի հետ չի ունեցել, իր եղբոր սպանությունից հետո վրեժի զգացում ունեցել է, սակայն փորձաքննությունների արդյունքներից հետո տեսել է, որ այդ սպանության հետ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը կապ չունի, ու իր մոտ վերացել է այդ զգացումը։ «Նա ընդհանրապես, կապ չի ունեցել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որը ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։