Պեկին–Հանչժոու Մեծ ջրանցքի՝ Հանչժոուի հատվածում զբոսանավով երեկոյան շրջագայությունն իսկական ճանապարհորդություն է ժամանակի միջով։ Գիշերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այս ջրանցքը կերպարանափոխվում է․ լուսավորված հնագույն կամուրջների ու պատմական թաղամասերի ֆոնին Ցզյաննան տարածաշրջանի հմայքը ներդաշնակորեն միահյուսվում է ժամանակակից քաղաքի ռիթմին։ NEWS.am-ի թղթակիցը մասնակցել է գիշերային այս նավարկությանը՝ սեփական աչքերով տեսնելով, թե ինչպես է կենդանանում Չինաստանի հնագույն մշակույթը։

Նավարկության ամենատպավորիչ պահերից են ջրի վրա բեմադրվող թատերական ներկայացումները։ Մինչ զբոսանավն անշտապ սահում է ջրանցքով, ափերին մեկը մյուսին հաջորդում են գունեղ տեսարաններ՝ հանդիսատեսին տեղափոխելով Չինաստանի հարուստ մշակույթի ու պատմության աշխարհ։

Այս ներկայացումների հիմքում չինացի մեծանուն հեղինակների կենսագրություններն ու ստեղծագործություններն են։ Տեսարաններից մեկը նվիրված է Հարավային Սուն դարաշրջանի ականավոր հայրենասեր բանաստեղծ Լու Յուին։ Նրա կյանքն անցել է պատերազմների ու դրամատիկ իրադարձությունների ֆոնին․ Հյուսիսային Սունի անկումից հետո հյուսիսային հողերը գրավել են ջուրջենները, իսկ կայսերական արքունիքն ապաստանել է հարավում։ Կորցրած տարածքների վերադարձի մասին երազող և հայրենիքին նվիրված Լու Յուն բախվել է պալատական «խաղաղության կուսակցության» հակազդեցությանը, ենթարկվել հալածանքների ու պաշտոնանկ արվել։

Ջրային շոուի միջոցով ներկայացվող այս հուզիչ պատմական սյուժեները հնարավորություն են տալիս ոչ միայն վայելելու գիշերային տեսարանները, այլև զգալու Մեծ ջրանցքի հազարամյա մշակութային ոգին։

Դիանա Առուշանյան, Հանչժոու