Տեղի ունեցածի պատասխանատվությունը ամբողջ ծավալով կրում է Ռուբեն Ռուբինյանը, սադրիչ Տարոն Չախոյանի հրահրումները նա խրախուսեց, երբ որևէ կերպ չէր միջամտում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Եթե այդ պահին ամբիոնի մոտ որևէ ընդդիմադիր պատգամավոր խոսեր ու խոսեր այնպես, ինչպես խոսում էր սադրիչ Տարոն Չախոյանը, Ռուբեն Ռուբինյանը րոպեական կհրավիրեր անվտանգությանը, բայց նա լուռ նստած հետևում էր և վայելում էր Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցողը։

Այս ամենի պատասխանատուն Ռուբեն Ռուբինյանն է, որը միտումնավոր թույլ է տվել, որ իրավիճակը հասներ նրան, ինչին հասավ։ Սա իրենց կողմից ծրագրված գործողություն էր, որը հաջորդեց ԱԺ–ի հետ կառավարության հարց ու պատասխանին, որտեղ ուղղակի մերկացվեց Նիկոլ Փաշինյանի ամբողջ արտաքին քաղաքականության սնանկությունը, որտեղ նրանք չունեին որևէ պատասխան ԹՐԻՓՓ–ի հետ կապված մանրամասների վերաբերյալ, թե Սյունիքի մարզի սուվերեն տարածքի ո՞ր հատվածներով է անցնելու ԹՐԻՓՓ ճանապարհը։

Իր ձախողումները քողարկելու, հանրային օրակարգը շեղելու համար Նիկոլ Փաշինյանի հրահանգով, ըստ ամենայնի, այսօր տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես ուզում եմ շեշտել, որ նա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սուվերեն տարածքից ճանապարհ է տվել Ադրբեջանին, առանց ունենալու խաղաղության ստորագրված համաձայնագիր, այսինքն առանց ունենալու որևէ երաշխիք։ Երբ մենք այս ամենը բարձրաձայնում էինք խորհրդարանում ու նրանք չունեին որևէ հոդաբաշխ պատասխան, հավանաբար որոշել են, որ պիտի սադրեն, իրավիճակը լարեն, հանրության ուշադրությունը շեղեն։ Եվ ահա հրահանգավորված տեղի ունեցավ այս ամենը։

Ես ուզում եմ շեշտել, որ առավոտից այդ մթնոլորտը խորհրդարանի նիստերի դահլիճում զգացվում էր և Տարոն Չախոյանը հատուկ ամբիոնից ստեղծեց այնպիսի իրավիճակ, որը կարող էր արձագանքներ առաջ բերել դահլիճից, ռեպլիկներ առաջ բերել դահլիճից։ Իսկ Ռուբեն Ռուբինյանը չկատարեց նիստը վարողի իր պարտականությունները պատշաճ, ժամանակին չհրավիրեց անվտանգության աշխատողներին, որոնք ամբիոնից պիտի հեռացնեին Տարոն Չախոյանին։

Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուբեն Ռուբինյանը և ՔՊ խմբակցությունը»,–ասաց նա։