ՀՀ կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում հավանության է արժանացել «Համապարփակ առողջապահական ապահովագրության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

2027 թվականի հունվարի 1-ից համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգում կընդգրկվեն ամսական մինչև 200 հազար դրամ եկամուտ ունեցող քաղաքացիները։ Որոշումը վերաբերում է շուրջ 350 հազար մարդու։

Ապահովագրավճարի ընդհանուր՝ 10 800 դրամ բեռը կբաշխվի հետևյալ կերպ․ 4400 դրամը կսուբսիդավորի պետությունը, 4400 դրամը կվճարի գործատուն, իսկ 2000 դրամը՝ աշխատողը։

Այն քաղաքացիների համար, որոնց աշխատավարձը կգերազանցի 200 հազար դրամը, բայց չի անցնի 500 հազար դրամը, պետությունը կսուբսիդավորի 6000 դրամ, իսկ մնացած մասը կվճարի շահառուն։ Այս խմբի համար 6000 դրամի վճարումը կիրականացվի սոցիալական կրեդիտի շրջանակում։ Նշված քաղաքացիները կկարողանան սեփական միջոցների հաշվին համակարգում ընդգրկել ընտանիքի մեկ անդամի, իսկ 500 հազար դրամից բարձր եկամուտ ստացողները՝ երկու անդամի։

Համակարգում ներառվել են նաև այն տաքսու վարորդները, որոնք երկու տարվա ընթացքում գրանցվել են առցանց հարթակներում, և որոնց 2026 թվականի շրջանառությունը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից բյուջեից սուբսիդավորումն այլևս չի գործելու, և վճարումներն իրականացվելու են եկամտային հարկի վճարումներից ձևավորվող սոցիալական կրեդիտների հաշվին։

Նրա խոսքով՝ պակասող մասը պետք է փոխհատուցի գործատուն կամ բարձրացնի աշխատավարձը, որպեսզի այն գերազանցի 200 հազար դրամը։ Այդ դեպքում քաղաքացին վճարումը կկատարի ինքնուրույն՝ օգտվելով նաև սոցիալական կրեդիտներից։

Վարչապետը նաև ընդգծել է, որ հասունացել է գյուղատնտեսական գործունեությունը հարկային դաշտ բերելու պահը։