Կոռուպցիայի թեմայով պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթները կոռեկտ էին, և անհասկանալի է, թե հատկապես ինչն է առաջացրել ընդդիմության ներկայացուցիչների վրդովմունքը։ Այս մասին այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
Նրա խոսքով՝ անկախ պատգամավորների ելույթների բովանդակությունից ու տոնայնությունից, ամբիոնի վրա հարձակվելու և դրան հարվածելու փորձերն անթույլատրելի են։
«Տարոն Չախոյանն իր բոլոր, այդ թվում՝ նախորդ երկու ելույթներում, խոսել է կոռուպցիայի մասին։ Այս անգամ ևս նա անդրադարձավ այդ թեմային։ Նրա ելույթը շատ կոռեկտ էր, միանգամայն նորմալ։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն էր նրանց վրդովմունքի պատճառը։ Մեզ էլ դուր չեն գալիս իրենց պատգամավորների ելույթները, մենք էլ ենք հաճախ անհամաձայն լինում նրանց հետ, մեզ էլ դուր չի գալիս նրանց ելույթների ո՛չ տոնայնությունը, ո՛չ էլ բովանդակությունը, բայց մենք մեզ երբեք նման պահվածք թույլ չենք տալիս»,- հայտարարեց Մանավազյանը։
Ըստ նրա՝ Ազգային ժողովի ամբիոնն այն վայրն է, որտեղից պատգամավորները պետք է ելույթ ունենան և հայտնեն իրենց դիրքորոշումները։ Ոչ ոք իրավունք չունի տեղից հարձակվել դրա վրա կամ փորձել խոչընդոտել ելույթին։ Մանավազյանն ընդգծեց, որ իշխող ուժի պատգամավորները, ի տարբերություն ընդդիմադիրների, ընդդիմախոսների ելույթների ժամանակ իրենց թույլ չեն տալիս գոռգոռալ կամ հարձակվել ամբիոնի վրա, անգամ եթե համամիտ չեն հնչող հայտարարություններին։
Մեկնաբանելով միջադեպի ժամանակ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գործողությունները՝ պատգամավորը նշեց, որ վերջինս նախ հորդորել է ներկաներին հանգստանալ, զբաղեցնել իրենց տեղերը և շարունակել նիստը։ Երբ ակնհայտ է դարձել, որ նիստը հնարավոր չէ շարունակել, ուղիղ հեռարձակումն անջատվել է, և հրավիրվել են անվտանգության աշխատակիցները։ Նա չի կարծում, որ խորհրդարանի խոսնակը թերացել է իր պարտականությունների մեջ»։











