«Երբ երեք ամիս առաջ այս դահլիճում առաջարկեցի սկսել պահպանել պարկեշտության կանոնները, դա առաջին հերթին անում էի հանուն մեր հասարակության»։ Այս մասին Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի նիստում՝ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Կարծում եմ՝ հասարակությունը մեզ չի ընտրել նրա համար, որ մենք մեզ անկիրթ պահենք։ Ես դա անում էի նաև հանուն ընդդիմության, որպեսզի այն չհայտնվի այն վիճակում, որում հիմա է»,- ասաց ԱԺ նախագահը խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառով հայտարարված ընդմիջումից հետո։
Նա դիմեց նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին.
«Դուք ինքներդ եք անմիջական պատասխանատվություն կրում ձեզ հետ կատարվածի համար։ Հենց դո՛ւք սկսեցիք այս ամենը՝ միջամտելով պատգամավորի ելույթին»,- ասաց Ռուբինյանը։
Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ իրեն զեկուցել են ԱԺ միջանցքում իշխող կուսակցության պատգամավորների վրա «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականների հարձակման մասին։
«Ես չեմ պնդում, որ դա իրականում տեղի է ունեցել։ Ես դեռ պետք է ճշտեմ տեղեկությունը և արդեն համապատասխան ստուգում անցկացնելու հանձնարարական եմ տվել։ Եթե դա հաստատվի, այդ օգնականներն անմիջապես կվտարվեն Ազգային ժողովից, և կարգելվի նրանց մուտքը խորհրդարանի շենք։ Էլ չեմ խոսում հնարավոր այլ հետևանքների մասին»,- հայտարարեց Ազգային ժողովի խոսնակը։











