Սահմանադրության տեքստը կհրապարակվի հաջոդ ամսվա ընթացքում, եթե արտառոց բան չլինի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Հարցին՝ ինչպե՞ս են կազմակերպելու նոր Սահմանադրության շուրջ քննարկումները, նա պատասխանեց. «Այնպես, ինչպես օրենքների նախագծերի քննարկումներն են կազմակերպվում, բայց ավելի լայն, ավելի ներառական և ավելի երկար՝ հաշվի առնելով փաստաթղթի կարևորությունը և ծավալը»։
Դիտարկմանը, որ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու պահանջը գալիս է Ադրբեջանից, մինչդեռ ՀՀ իշխանություններն ասում են, թե դա մեր ներքին օրակարգն է, Գալյանն արձագանքեց. «Մեր ներքին օրակարգը նոր սահմանադրություն մշակելն է և որոշելն է, թե ինչ պետք է լինի, կամ չլինի սահմանադրության մեջ։ Մեր ներքին օրակարգը որևէ բան հանելը չէ սահմանադրությունից, մեր ներքին օրակարգը նոր սահմանադրություն գրելը»։











